Առեւտրի համաշխարհային կազմակերպությունը Իրանի վերաբերյալ որոշմանն է սպասում: Այդ մասին Լոնդոնում լրագրողներին հայտնել է ԱՀԿ-ի մամուլի արտուղար Քեյթ Ռոքուելը՝ Ժնեւում կազմակերպության գլխավոր շտաբի ուղիղ կապի միջոցով:
2015-ի դեկտեմբերի 15-18-ին Նայրոբիում ԱՀԿ-ի նախարարական համաժողովի մասին խոսելով՝ նա նշել է, որ ամենասուր քննարկումներից մեկը կվերաբերի գյուղատնտեսական սուբսիդիաներին: Ակնկալվում է, որ ազգային կառավարությունների ներկայացուցիչները համաձայնության կգան այն մասին, թե իրենց արտադրողներին տրամադրվող սուբսիդիաների վրա ինչ սահմանափակումներ պիտի դրվեն:
Այդ ամենը կվերաբերի գյուղարդյունաբերական խոշոր խաղացողներին, ոչ թե զարգացող երկրներում բնական տնտեսությամբ ապրող ֆերմերներին, ընդգծել է Ռոքուելը:
Հարցերից մեկն էլ կլինի առեւտրի ոլորտում խոչընդոտների վերացումը, որը կարող է ամբողջ աշխարհի գործարարների համար մոտ 1 տրիլիոն դոլար խնայել: Մասնավորապես, զարգացող երկրներում ձեռնարկատիրական ծախսերը դրա շնորհիվ կարող են կրճատվել 14%-ով:
Պատասխանելով Իրանի վերաբերյալ հարցին, որն ավելի վաղ համապարփակ համաձայնություն էր ձեռք բերել միջուկային ծրագրի վերաբերյալ, Ռոքուելը հիշեցրել է, որ Թեհրանի՝ ԱՀԿ-ին միանալու հայտը քննարկման փուլում է 2005-ից՝ այն ժամանակվանից, երբ որոշում էր կայացվել հայտի ուսումնասիրման աշխատանքային խումբ ստեղծել:
ԱՀԿ-ի հետ կապված պատճառներով աշխատանքային խումբը ոչ մի անգամ չի հավաքվել, հավելել է Ռոքուելը:
«Բայց մենք ուշադիր հետեւում ենք գործընթացներին: Առայժմ ոչ մի կառավարություն մեզ չի հաղորդել բանակցություններ սկսելու մտադրության մասին, բայց մենք շատ ուշադիր ականջ ենք դնում եւ սպասում ենք այդ պահին», - ամփոփել է նա:




























