Նախատեսվում է 2017 թվականից Իրանից ավելի շատ բնական գազ ներկրել Հայաստան: Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանին հայտնել է էներգետիկայի եւ բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանը եւ հավելել, թե դա հնարավորություն կտա ավելի շատ էլեկտրաէներգիա արտահանել Իրան:
Իրանի եւ Արեւմուտքի միջեւ պատմական համաձայնությունից ընդամենը մեկ ամիս անց՝ անցած օգոստոսին, Երեւանն ու Թեհրանը ստորագրեցին շուրջ 120 միլիոն դոլար արժողությամբ պայմանագիր՝ երկու երկրները կապող երրորդ բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի շինարարության վերաբերյալ: Շինարարությունը պետք է ավարտվի 18 ամսվա ընթացքում:
Փոխնախարարի խոսքով, երրորդ գիծը հնարավորություն կտա մեծացնել «գազ` էլեկտրաէներգիայի դիմաց» գործարքի ծավալները․«Միանշանակ հենց ծրագրի նպատակն էլ դա է, որպեսզի ծավալները մեծացնենք։ Քանի որ Հայաստան - Իրան գազամուղի ներուժը ավելի լավ կօգտագործենք եւ մեր արտադրական հզորությունների ներուժը ավելի լավ կօգտագործենք»:
Հարությունյանը, սակայն, թվեր չի նշել․ «Գազատարի տարողությունը երկու միլիարդ է տարեկան, եւ նպատակն է՝ առավելագույնս դա օգտագործել»:
Հայաստանի մաքսային ծառայության տվյալներով, իրանական գազը ավելի էժան է, քան ռուսաստանյանը: 2014-ի ընթացքում իրանական գազի հազար խորանարդ մետրի դիմաց Հայաստանը սահմանին վճարել է ավելի քան 183 դոլար, ռուսաստանյանի դիմաց՝ մոտ 266 դոլար: 2014-ին, համապատասխանաբար՝ շուրջ 188 դոլար եւ 202 դոլար:
Չնայած այս հանգամանքին, Հայաստանը Իրանից մի քանի անգամ ավելի քիչ գազ է ներմուծում, քան Ռուսաստանից: 2014 թվականին հարավային հարեւանից ներմուծել ենք 383 միլիոն խորանարդ մետր, Ռուսաստանից՝ 2 միլիարդ 109 միլիոն խորանարդ մետր: Բացի դրանից, իրանական գազը չի վաճառվում հայաստանյան ձեռնարկություններին ու բնակչությանը: Այն Երեւանի ՋԷԿ-ում վերածվում է էլեկտրաէներգիայի, որի մեծ մասը ուղղվում է Իրան:
Չնայած մաքսայինի տվյալներին, Հայաստանի իշխանության ներկայացուցիչները հրապարակավ պնդում են, որ իրանական գազը թանկ է ռուսաստանյանից: Օրինակ, 2013 թվականի դեկտեմբերին՝ հայ-ռուսական սկանդալային գազային պայմանագրի կնքումից հետո, որով «ՀայՌուսգազարդ»-ը ամբողջովին անցավ Մոսկվային, Երեւանն էլ պարտավորվեց մինչեւ 2044 թվականը երաշխավորել «Գազպրոմ»-ի իրավունքներն ու շահերը Հայաստանում, Էներգետիկայի այդ ժամանակվա նախարար Արմեն Մովսիսյանը հայտարարեց, որ իրանական գազի գինը սահմանին 400 դոլար է:
Դրանից երկու օր անց Երեւանում Իրանի դեսպան Մոհամմադ Ռեյիսին ոչ միայն հայտարարեց, որ Հայաստանի իշխանությունները երբեք Իրանի հետ բանակցություններ չեն վարել գազ գնելու շուրջ, այլեւ փաստորեն հերքեց նախարարի խոսքերը իրանական գազի թանկ լինելու մասին՝ ընդգծելով, որ Թեհրանը կարող է Երեւանին գազ վաճառել անգամ 100 դոլար գնով, եւ դա կախված է երկու երկրների պայմանավորվածությունից:
Առավել մանրամասն սկզբնաղբյուր կայքում:





























