Հայաստանը սկսել է ցորեն ներկրել Իրանից՝ Ռուսաստանի կողմից ցորենի արտահանման արգելքի պատճառով: Այս լուրն, օգոստոսի 30-ին մամուլի ասուլիսի ժամանակ հաստատեց ՀՀ գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանը:

Ըստ նախարարի՝ Իրանի հետ գործարքներն իրականացնում է «Մանչո Գրուպ» ընկերությունը։ Նրա խոսքով, սակայն, Իրանից ներկրվող ցորենի որակը դեռ պետք է փորձաքննության ենթարկվի։ Նշենք, որ Իրանում այս տարի սպասվում է հացահատիկի բարձր բերք՝ մոտ 15 մլն տոննա, որից 2 մլն տոննան կարտահանվի։

Հայաստանը ցորեն սկսել է ներկրել նաեւ Բուլղարիայից, Ղազախստանից եւ Ուկրաինայից։ Գ. Ալավերդյանն ասաց, որ Ռուսաստանի կառավարության հետ բանակցություններ են տարվում աշնանը որոշակի խմբաքանակներ ստանալու շուրջ։ Խոսքը վերաբերում է այն պայմանագրերին, որոնց կնքվել են, սակայն ի կատար չեն ածվել` ցորենի արտահանման էմբարգոյի կիրառումից հետո։

Գյուղնախարարի տեղեկացմամբ՝ Հայաստանն այս տարվա օգոստոսին ավելի շատ ցորեն է ներկրել, քան անցյալ տարվա նույն ժամանակահատվածում։