Օգոստոսի 31-ին, ժամը 12.45-ին Թեղուտի պաշտպանության խումբը կազմակերպում է բողոքի ակցիա Վերակառուցման եւ զարգացման զարգացման բանկի (ՎԶԵԲ) երեւանյան գրասենյակի դիմաց (Ցիտադել բիզնես կենտրոն, Տերյան 105/1):
2009թ-ի հունվարին կնքված պայմանագրի համաձայն EBRD-ն 10 միլիոն ԱՄՆ դոլար է տրամադրելու ՎՏԲ ռուսական բանկին` ուղղված փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացմանը Հայաստանում: Ինչպես հայտնի է, ՎՏԲ բանկը պատրաստվում է 250 միլիոն ԱՄՆ դոլարի վարկ տրամադրել «Էյ-Սի-Փի» ընկերությանը` Թեղուտում պղնձամոլիբդենային հանքավայր շահագործելու նպատակով: Ավելի վաղ, ՎԶԵԲ-ն հրաժարվել էր վարկավորել այդ նույն ծրագիրը` հաշվի առնելով վերջինիս հսկայական բացասական բնապահպանական հետեւանքները:
Այս առնչությամբ, Թեղուտի պաշտպանության խումբը հայտարարում է. «Շարունակելով համագործակցել ՎՏԲ-ի հետ, ՎԶԵԲ-ը, փաստորեն, անուղղակիորեն հովանավորում է Թեղուտի անտառի ոչնչացման աղետաբեր ծրագիրը:
ՎԶԵԲ-ը զարգացման բանկ է, որը բացառիկ բնապահպանական մանդատ ունի: Մենք պահանջում ենք ՎԶԵԲ-ից հարգել իր սեփական սկզբունքները` հստակ դիրքորոշում արտահայտել եւ դատապարտել իր գործընկեր ՎՏԲ-ի կողմից Թեղուտի հանքավայրի շահագործման ծրագիրը: Հակառակ դեպքում պահանջում ենք կասեցնել վերջինիս վարկավորումը: ՎՏԲ-ի հետ շարունակվող համագործակցությունը կդիտարկվի որպես քաղաքական աջակցություն նման անօրինական, բնապահպանական իմաստով ավերիչ եւ սոցիալական իմաստով անպատասխանատու ծրագրին, եւ ՎՏԲ-ի հասցեին ուղղված բոլոր մեղադրանքները հավասարապես հասցեագրված կլինեն նաեւ ՎԶԵԲ-ի նման հեղինակավոր ֆինանսական հաստատությանը»:
Նշենք, որ ըստ Թեղուտի պաշտպանների, Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման արդյունքում Լոռու մարզում ոչնչացվելու է ավելի քան 1000 հա անտառ, վերանալու են բացառիկ բուսական ու կենդանական տեսակներ, էկոհամակարգեր, աննախադեպ մեծ չափի հասնող պոչամբարում տեղակայվելու են 500 մլն տոննա պոչանքներ եւ 600 միլիոն տոննա թունավոր թափոններ, թունավորման վտանգի առաջ են կանգնելու գետեր ու ջրագոյացման աղբյուրներ: Թեղուտ եւ Շնող գյուղերի բնակիչներից պետական գերակա շահի անվան տակ հողը խլվել է 1քմ ընդամենը 40 դրամով: Հանքարդյունաբերական ծրագրի անօրինականությունը վիճարկվում է ՀՀ դատարանում եւ ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի Օրհուսի կոնվենցիայի համապատասխանության կոմիտեում:



























