Ռուսաստանը, ներկա գտնվելով Հայաստանում, մեծացնում է իր ազդեցությունն ու ճնշումը Հայաստանի նկատմամբ: Այս մասին այսօր՝ օգոստոսի 30-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀՇ վարչության անդամ, Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Հովհաննես Իգիթյանը: Նա նշեց, որ եթե ԼՂ-ի վերաբերյալ ոչ հայանպաստ բանաձեւ ի հայտ գա, ապա Ռուսաստանը հնարավորություն կունենա այդ բանաձեւը պարտադրել Հայաստանին: Իգիթյանին նման ենթադրություն անելու հիմք են տալիս միջազգային կազմակերպություններում Ռուսաստանի կողմից արվող ոչ հայանպաստ եւ ադրբեջանամետ հայտարարությունները:
Ասուլիսին ներկա ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանը չհամաձայնեց իր ընդդիմախոսի հայտնած կարծիքին: Նա նշեց, որ Հայաստանում ռուսական ռազմակայանի առկայությունը իրեն հիմք է տալիս կարծել, որ Հայաստանը ՌԴ-ի աջակցությամբ, ԼՂ-ի հարցում կգտնի հայանպաստ լուծում: «Այսօր Ադրբեջանն է ցայտնոտի մեջ եւ ձեռքերը փրուրներին գցելով՝ դիմում է ՄԱԿ-ին: Եւ հենց այդ առումով, որպեսզի ԼՂ հարցում ավելի հայանպաստ որոշումներ կայացվեն, իրականացվել է Հայաստանում ռուսական ռազմակայանի ժամկետի երկարաձգումը»,-նշեց Սահակյանը: Նրա խոսքով՝ Ադրբեջանը դիմել է ՄԱԿ-ին, քանի որ հույսը կտրել է, որ ԼՂ հարցը կարող է լուծել ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում:
Իր հերթին Հովհաննես Իգիթյանը կարծիք հայտնեց, որ Ադրբեջանն օգտագործում է Հայաստանի դիվանագիտական սայթաքումները եւ փորձում է միջազգային հեղինակավոր կազմակերպություններում, որտեղ ունի մեծ ազդեցություն, առաջ տանել ԼՂ խնդրի լուծման իր տարբերակը:



























