WikiLeaks կայքը, որը մասնագիտացել է կառավարական ու պետական «փակ» նյութերի հրապարակման ոլորտում, սկսել է հրապարակել ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) ղեկավար Ջոն Բրենանի գրագրությունը:

Հետախուզական գործունեությանն առնչվող փոստը պահվել է Բրենանի անձնական արկղերցի մեկում: Այդ հաշիվը չի եղել կառավարական գրագրության համակարգում, հաղորդում է Lenta-ն:

Մասնավորապես, հրապարակվել է Բրենանի 47-էջանոց անկետան, որը նա լրացրել է ԿՀՎ տնօրենի պաշտոնն ստանձնելուց առաջ: Փաստաթղթում նա պատասխանել է կենսագրական, ուսման ու աշխատանքի վայրերի, կատարած իրավախախտումների, անօրինական նյութեր օգտագործելու, ալկոհոլային կախվածության մասին հարցերի:

Ներկայացված է նաեւ Իրանում իրավիճակի եւ նրա քաղաքականության, ինչպես նաեւ այդ երկրի ղեկավարության հետ փոխգործակցելու վերաբերյալ վերլուծական գրությունը:

Բացի այդ, հրապարակվել են նյութեր, որոնք վերաբերում են Նյու Յորքում սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունից հետո ահաբեկչության մեջ կասկածվողների նկատմամբ կիրառված բռնություններին ու խոշտանգումներին: