Իրանական FARS գործակալության հաղորդմամբ, իրանցի հաքերների խումբը, որն իրեն անվանել է ASHİYANE Grup, Իրանում ահաբեկչության դեմ պայքարի օրվա կապակցությամբ, զանգվածային հարձակում է իրականացրել եվրոպական երկրների եւ ԱՄՆ-ի 1000-ից ավելի պետական կայքէջերի վրա, եւ  ջարդել դրանք։

ASHİYANE Grup-ի ղեկավար Բեհրուզ Քամալիյանի հաղորդմամբ, ուղիղ 29 տարի առաջ՝ 1981 թվականի օգոստոսի 30-ին մունաֆիկների խմբավորումները սպանեցին այն ժամանակվա նախագահ Մուհամեդալի Ռաջային եւ վարչապետ Մուհամեդջավադ Բախոնարիին։ Քամալիյանի կարծիքով,  ԱՄՆ-ն, Ֆրանսիան եւ Մեծ Բրիտանիան հովանավորել են այդ ահաբեկչական խմբավորումները։

«Այդ կայքերի գլխավոր էջում մենք տեղադրել ենք Ռաջայի եւ Բախոնարիի նկարները, ինչպես նաեւ ASHİYANE Grup-ի բողոքը՝ երկու լեզվով՝ պարսկերենով եւ անգլերենով»-նշել է Քամալիյանը։