Միջին Արեւելքի յուրահատուկ հարստություններից մեկը եղել է բազմազանությունը, հետեւաբար այն պետք է ամեն գնով պահպանել: Այս մասին, Աթենքում տեղի ունեցած միջազգային համաժողովում ունեցած իր ելույթի ժամանակ նշել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն:
Կիլիկիո կաթողիկոսության պաշտոնական կայքի փոխանցմամբ, Արամ Ա-ն իր ելությում մասնավորապես, ասել է. «Միջին Արեւելքն այսօր վերստին դարձել է տագնապներով լեցուն մի շրջան: Տագնապներ, որոնք հրահրվում են արտաքին ուժերի կողմից` ի շահ իրենց աշխարհաքաղաքական ծրագրերի: Այս տագնապներն ամբողջական ու մնայուն լուծում կարող են գտնել միայն քաղաքական գործընթացով` մասնակցությամբ տեղական ուժերի եւ ելնելով քրիստոնյա-իսլամ գոյակցությունն ամուր պահող հանձնառությունից»:
Հիշեցնենք, որ «Միջին Արեւելքում կրոնական ու մշակութային բազմազանության խաղաղ գոյակցությունը» խորագրով համաժողովը կազմակերպել է Հունաստանի ԱԳՆ-ն, որին մասնակցել են շուրջ 200 ներկայացուցիչներ` պատրիարքներ, հոգեւոր առաջնորդներ, արտգործնախարարներ, դեսպաններ, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Համագումարի բացումը կատարել է հանրապետության նախագահը, որին իր ելույթով հաջորդել է արտգործնախարարը:
Վեհափառ Հայրապետն իր խոսքում շեշտել է մի քանի կետ` նշելով, որ արտաքին միջամտությունները ձախողեցին շրջանի տագնապների լուծմանն առաջնորդող միջոցներ գտնելուն: Ներքին իսլամական հակամարտություններն ավելի սրեցին դրանք լուծելու ուղիները: Ծայրահեղականությունը դարձել է շրջանի տագնապների գլխավոր պատճառներից մեկը:




























