Հայոց Ցեղասպանության վերաբերյալ իր հայտարարությունը հերքելով Իրանի փոխնախագահը ցույց է տալիս, թե որպես քաղաքական գործիչ որքան է իր լրջության աստիճանը: Այս մասին օգոստոսի 30-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանը: Նա միաժամանակ հավելեց, «թե այս կերպ գուցե պաշտոնական Թեհրանը հասկացնել է տալիս Թուրքիային, որ կարող է ապագայում ճանաչել Հայոց Ցեղասպանությունը, եթե Թուրքիան որոշի ռազմաբազաներ տեղակայել Իրանի սահմանի մոտ»:
Ասուլիսին ներկա մեկ այլ բանախոս՝ ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Իգիթյանն էլ հայտարարեց, որ ցանկացած գործիչ, երբ հայտարարություն է անում, ապա հետագայում չպետք է փորձի արդարանալ, ասելով, որ նկատի ունի սա կամ նա: «Ցանկացած տեղ, երբ հնչում է որեւէ հայտարարություն, որը Թուրքիայի սրտով չէ, նրանք փորձում են միանգամից իրենց բոլոր լծակներով հարձակվել»,-նշեց նա: Ի տարբերություն Թուրքիայի կամ Ադրբեջանի՝ Հայաստանը լռում եւ նստում է, երբ իրեն կամ Ղարաբաղին վերաբերող ոչ նպաստավոր եւ շատ հաճախ իրականությունն աղավաղող հայտարարություններ են արվում:
«Մենք, այդ թվում իշխող կուսակցությունը, հասարակությունն ու մամուլը չենք ստիպում, որ այդպիսի հայտարարություն անողները ներողություն խնդրեն, մինչդեռ թուրքերը կամ ադրեբջանցիները ցանկացած նման առիթի դեպքում վայնասուն են բարձրանցում»,-մտահոգություն հայտնեց Իգիթյանը: Հարցին, թե ինչպե՞ս պետք է արձագանքի Հայաստանը Իրանի փոխնախագահի հայտարարությանը, պե՞տք է պաշտոնական նոտա հղի Իրանին, Իգիթյանը պատասխանեց, որ տվյալ դեպքում որեւէ նոտա հղելու կարիք չկա: «Իսկ եթե որեւէ պաշտոնյա հայտարարի, որ Ղարաբաղի հարցը պետք է լուծվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության սահմաններում, ապա ես համոզված եմ, որ ցանկացած քաղաքական գործիչ, եւ առաջին հերթին Հայաստանի ԱԳՆ-ն, պետք է նոտա հղի»,-ասաց նա:




























