Օգոստոսի 29-ին` Սուրբ Աստվածածնի գոտու գյուտի տոնին նվիրված պատարագ է մատուցվել Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարում` Գարեգին Բ կաթողիկոսի հանդիսապետությամբ: Պատարագի ընթացքում քահանայական օծում են ստացել չորս միաբան սարկավագներ, որոնք ստացել են հոգեւոր նոր անուններ:
Իր ոգեշունչ քարոզում Հովակիմ Սրբազանն ասել է. «Սուրբ Մարիամ Աստվածածնի գոտու գյուտի տոնին այս խորանը պտղաբերեց եւ ծնվեցին չորս նոր քահանաներ, որոնց Սուրբ Իգնատիոս Անտիոքացին նմանեցնում է առաքյալներին, ովքեր պետք է մտնեն ժողովրդի մեջ եւ քարոզեն Տիրոջ Ավետարանը»:
Քառասնօրյա աղոթական շրջանից հետո նորընծաները ծառայության կկոչվեն Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու տարբեր կառույցներում եւ թեմերում:




























