Հայաստանի Պաշտպանության նախարարությունն արձագանքել է Հայաստանում ռուսական ռազմակայանի մասին պայմանագրում փոփոխություններ կատարելու վերաբերյալ Ադրբեջանի ՊՆ մամլո ծառայության ղեկավար Է. Սաբիրօղլուին: «Մեկնաբանելով ստորագրված արձանագրությունը, Սաբիրօղլուն իրեն իրավունք է վերապահել հայտարարել, թե «Հայաստանն այլեւս չի կարող հանդես գալ որպես անկախ պետություն»: Նման որակումներն ուղղակի հարեւան երկրի ՊՆ մամլո խոսնակի հերթական զառանցանքն են, անգրագիտության եւ բթամտության դրսեւորման ձեւ են, ուրիշ ոչինչ: Պարզ է, թե ինչու է Հայաստանի տարածքում տեղակայված ռազմակայանի գործունեության երկարաձգման եւ գործառույթների ընդլայնման հայ-ռուսական արձանագրության ստորագրումը հավասարակշռությունից հանել Ադրբեջանին. այս պայմանագիրը ռազմական առումով ապահովում է ուժերի հավասարակշռությունը տարածաշրջանում, առավել ամրացնում է Հայաստանի դիրքերը տարածաշրջանում, կանխում է հայ-ադրբեջանական պատերազմի վերսկսման հնարավորությունը, անիմաստ է դարձնում Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից ներքին սպառման համար պարբերաբար հնչեցվող ռազմատենչ հայտարարությունները:

Ադրբեջանի ՊՆ մամլո ծառայության ղեկավարին եւ որոշ լրատվամիջոցներին հարկ ենք համարում հիշեցնել, որ ՌԴ Հայաստանի ռազմավարական գործընկերն է, եւ ստորագրված փաստաթուղթը համապատասխանում է երկու ինքնիշխան պետությունների ռազմավարական հետաքրքրություններին, բխում է տարածաշրջանային անվտանգության եւ կայունության ամրապնդման շահերից: Ինչ վերաբերում է ինքնուրույն որոշումներ ընդունելու հնարավորությանը, ապա հայկական բանակը ամուր կանգնած է մեր պետության սահմաններին եւ պատրաստ է ցանկացած պահի դիմագրավելու եւ արժանի հակահարված տալու Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, ազգային անվտանգության դեմ ուղղված ցանկացած ոտնձգության»,-մասնավորապես ասված է ՊՆ-ի տարածած հաղորդագրության մեջ: