Այսօր` օգոստոսի 30-ին  Հայաստանի «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ֆոնդային բորսայում հայկական դրամը նոկաուտի է ենթարկել ամերիկյան դոլարին։ Վաճառվել է 14,9 մլն դոլարի արտարժույթ՝ 361,79 դրամ միջին փոխարժեքով։ Փակման գինը կազմել է 362, իսկ նվազագույնը՝ 361,5։ Սա ոչ միայն 2010 թ., այլ վերջին 1 տարում ռեկորդային նվազագույն գին է, որ Հայաստանում վճարել են դոլարի համար։

Նշենք, որ 2010 թ. ընթացքում Երեւանի ֆոնդային բորսայում իրականացվել է 488 մլն դոլարի առքուվաճառք՝ 380 դրամ միջին փոխարժեքով։ Առավելագույն փոխարժեքը եղել է 405 դրամ (ապրիլի 2-ին)։

Ամենայն հավանականությամբ՝ դոլարի անկումն ավելին կլիներ, եթե չմիջամտերԿենտրոնական բանկը, որն, ի դեպ, անցյալ շաբաթ ֆոնդային բորսայում գործարք չի իրականացրել։ Եթե ԿԲ այսօր միջամտությունը չլիներ, հնարավոր է՝ դոլարը նոկաուտի ենթարկվեր։

Դոլարի արժեզրկման պատճառները լիովին հստակ չեն։ Փորձագետների մեծ մասն այն կարծիքին է, որ սեպտեմբերին դոլարը կդադարի մուկն ու կատու խաղալ հայկական դրամի հետ եւ կսկսի արժեւորվել, առավել եւս, որ միջազգային շուկայում դոլարը եվրոյի նկատմամբ ամրապնդվում է։

Հնարավոր է՝ մենք գործ ունենք կարճաժամկետ էֆեկտի հետ՝ կապված նախաուսումնական շրջանում առեւտրի կտրուկ ընդլայնման հետ։ Որպես կանոն՝ մանրածախ առեւտրաշրջանառության պիկի ընթացքում դրամի նկատմամբ հավելյալ պահանջարկը բավարարվում է դոլարային խնայողությունների հաշվին։ Եթե այս տեսությունը ճիշտ է՝ սեպտեմբերի 1-ից դոլարը կսկսի հետ բերել կորցրած դիրքերը։