Կրթական եւ վերապատրաստման համակարգի անարդյունավետության պատճառով Հայաստանում աշխատանքի արտադրողականությունը ցածր է։ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության «Մրցունակության մասնավոր հատված Հայաստանում» (CAPS) ՏՏ կլաստերի համակարգող Արմեն Աբրահամյանը NEWS.am- Ինովացիային տեղեկացրեց, որ ընդհանրապես ՏՏ միջին հիմնարկը համարվում է լավ, եթե մի աշխատողը տարեկան 50 հազար դոլար շրջանառություն է ապահովում, այնինչ Հայաստանում այդ թիվը կազմում է 22 հազ. դոլար։ Ընդհանուր առմամբ՝ Հայաստանի ՏՏ ոլորտում ներկայում կա 5-6 հազ. աշխատող, որոնք ապահովում են 110 մլն դոլարի շրջանառություն։ Սա նշանակում է, որ մեզ մոտ շատ լուրջ խնդիր կա առաջին հերթին մենեջմենթի առումով։ Ըստ Ա. Աբրահամյանի՝ միայն արտադրողականության բարձրացման հաշվին ՏՏ ոլորտի շրջանառությունը 110 մլն դոլարից կարելի է հասցնել 170-180 մլն դոլարի: «Թայվանի լուրջ ընկերություններում եթե D- link աշխատողի վրա 500 հազ. դոլարից պակաս շրջանառություն է ընկնում, ուրեմն մենեջմենթը համարվում է վատը։ Համեմատության համար՝ «Մայքրոսոֆթում» 1 աշխատողի տարեկան շրջանառությունը 1 մլն դոլար է»,- ասաց Ա. Աբրահամյանը:

Նրա խոսքով՝ ցածր արտադրողականությունը վնասում է նաեւ ներդրումային գրավչությանը, որովհետեւ անգամ աութսորսինգի դեպքում 50-60 հազ. դոլարից պակաս արտադրողականությունը զգալիորեն թանկացնում է աշխատուժը։ Առայժմ հայ ծրագրավորողների աշխատանքը համարվում է որակյալ, սակայն, ըստ Աբրահամյանի, եթե չկարողանանք լուծել արդյունավետության հարցերը, ապա ապագայում չենք ունենա մրցունակ ընկերություններ: