Հայաստանյան ՏՏ ոլորտի ընկերությունները դժվարությունների են հանդիպում մասնագետներին արտասահմանում վերապատրաստելու հարցում։ Այս մասին NEWS.am- Ինովացիայի թղթակցի հետ հարցազրույցում ասաց ԱՄՆ ՄԶԳ «Մրցունակ մասնավոր հատված Հայաստանում» (CAPS) ծրագրի ՏՏ կլաստերի համակարգող Արմեն Աբրահամյանը: Նրա խոսքով՝ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գիտելիքը շատ արագ է հնանում, եւ մասնագետների վերապատրաստումն ուղղակի կենսական անհրաժեշտություն է։
«ՏՏ ոլորտում գիտելիքն ամսական կտրվածքով հնանում է նվազագույնը 4-6 տոկոսով, իսկ սովորաբար 3 ամսում տեխնոլոգիայի մեջ կարող են լուրջ սերնդափոխություններ լինել»,- ասաց Աբրահամյանը՝ ավելացնելով, որ եթե ՏՏ ոլորտի մասնագետն առնվազն երկու տարին մեկ վերապատրաստում չանցնի, այդ աշխատողը չորս տարի հետո, միջազգային շուկայի չափանիշներով, նույնիսկ կիսաաշխատող էլ չի համարվի։
Պետության հարկային քաղաքականությունը, Աբրահամյանի կարծիքով, նույնպես չի նպաստում այս խնդրի լուծմանը։ Գործող օրենսդրությամբ՝ վերապատրաստման ծախսերի փոքր մասն է մտնում ինքնարժեքի մեջ, մեծամասամբ դրանք կատարվում են շահույթների հաշվին, հետեւաբար՝ ընկերության շահագրգռվածության աստիճանը փոքրանում է։
Աբրահամյանի խոսքով՝ բազմաթիվ երկրներ բավականին լուրջ գումարներ են ուղղում կրթությանը, սակայն, չբավարարվելով դրանով, նաեւ լուրջ հարկային արտոնություններ են կիրառում։ Իսկ Հայաստանում ներկայում ստեղծված է աննպաստ միջավայր՝ կադրերի վերապատրաստումը կազմակերպելու համար, ինչը վերջին հաշվով ազդում է նաեւ աշխատանքի արտադրողականության վրա։



























