ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության հարցը ներկայումս արդիական չէ: Այս մասին օգոստոսի 30-ին Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի հետ համատեղ ասուլիսում հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը: Նրա խոսքով, Ուկրաինայի անդամակցության հարցը Դաշինքի օրակարգում չկա, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:
Մերկելը նշել է, որ կողմերը պայմանավորվել են հետագայում աշխատել կոնկրետ ուղղություններով, հավելելով, որ տարբեր ոլորտներում Գերմանիայի եւ Ուկրաինայի համագործակցությունն ընդլայնվելու լուրջ հեռանկարներ ունի:
«Կարելի է ասել, որ մեր երկրների միջեւ հարաբերությունները կայուն հիմքի վրա են»,- ասել է նա:
Անդրադառնալով Ռուսաստանի հանդեպ վերաբերմունքին, Մերկելը նշել է. «Մենք շահագրգռված ենք, որ լավ դիրքորոշում լինի Ռուսաստանի նկատմամբ, քանի որ այդ երկիրը կարեւոր դեր է խաղում եւ պետք է որ Ռուսաստանի հետ հարաբերությունները զարգանան: Դա կարեւոր է էներգետիկ կոոպերացիայի համար»:
Նշենք, որ Վիկտոր Յանուկովիչը բազմիցս հայտարարել է, որ Ուկրաինան որեւէ բլոկի կազմում չի լինելու, այնինչ նրա նախորդ Վիկտոր Յուշչենկոն ձգտում էր երկիրը դարձնել ՆԱՏՕ-ի անդամ: 2008-ին Ուկրաինան դիմել էր ՆԱՏՕ-ին անդամակցելու գործողությունների ծրագրին միանալու խնդրանքով, սակայն Դաշինքի 26 անդամները չէին պաշտպանել այդ դիմումը:




























