Հիմնական օրենքի ընդունումը դարձավ երկրի զարգացման եւ կայունության ապահովման երաշխիքներից մեկը: Այս մասին օգոստոսի 30-ին Երեւանում հայտարարել է ՀՀ-ում Ղազախստանի դեսպան Այըմդոս Բոզժիգիթովը, հանդես գալով տոնական արարողության ժամանակ:

«Սահմանադրությունում հստակ իրավաբանական ձեւակերպումներով ներկայացված են հիմնական արժեքները, որոնք հասկանալի եւ ընդունելի են բոլոր ղազախստանցիների համար: Դա ղազախական հողերի անձեռնմխելիությունն ու անբաժանելիությունն է, որտեղ բարեկամական մթնոլորտում ապրում են 140 ազգեր եւ 46 կրոնական համայնքներ»,- ասել է դեսպանն ու հավելել, որ երկրի Սահմանդրությունը թույլ տվեց արձանագրել այնպիսի տնտեսական աճ, որը գերազանցեց բոլոր սպասելիքները:

Որպես Ղազախստանի ձեռքբերում Բոզժիգիթովը նշել է ԵԱՀԿ-ում իր երկրի նախագահության փաստը, ինչպես նաեւ հաջորդ տարի Շանհայյան կազմակերպությունում նախագահության ստանձնումը, նաեւ ակտիվ աշխատանքը Եվրազեսում եւ Թյուրքական երկրների համագործակցությունում:

Միջոցառմանը ներկա է գտնվել ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը, ով նույնպես ընդգծել է Սահմանադրության կարեւորությունը մի երկրում, որտեղ բազմաթիվ ազգեր են բնակվում:

Նշենք, որ Ղազախստանն իր անկախության օրը նշում է օգոստոսի 30-ին, սկսած 1995-ից: Ներկայումս Ղազախստանում հայ համայնքը կազմում է 20-25 հազար մարդ: Կիրակնօրյա հայկական դպրոցներ են գործում Ալամաթիում, Յակտյուբինսկում, Պավլոդարում եւ Կուստանայում: Ալմաթիում գործում է նաեւ հայկական եկեղեցի: