Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին հանդիպել է հայ եւ ադրբեջանցի ուսանողների հետ: Հանդիպումը կայացել է Սահակաշվիլիի Հավլաբարի նստավայրում:
Վրաստանի նախագահը հպարտորեն հայտարարել է, որ ինքը շատ բան է փոխել կրթական համակարգում, որպեսզի ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները կարողանան ընդունվել վրացական բուհեր:
«2010-ին 300 դիմորդներ համարձակություն դրսեւորեցին եւ ազգային քննություններ հանձնեցին նոր ծրագրով: Դուք դարձաք ուսանողներ եւ դա մեծ հաղթանակ է ինձ համար: Ցանկանում եմ, որ ձեր թիվն էլ ավելի մեծանա»,- հայտարարել է նա ու հավելել, որ մարդիկ չեն գնահատվում իրենց ազգությամբ կամ կրոնով:
«Վրաստանում ավելի շատ են վրացական մահմեդականները, քան վրացական քրիստոնյաները: Կարեւոր է, որ բոլորը հաջողության հասնելու շանս ունենան: Դրա վառ օրինակը կրթության նախարար Դմիտրի Շաշկինն է, ով ղեկավարում է ինձ համար ամենակարեւոր նախարարությունը: Նա կարող է ավելի բարձր պաշտոն զբաղեցնել, այդ թվում նաեւ նախագահի: Վստահ եմ, որ կանցնի ժամանակ եւ Շաշկինին կհիշեն որպես ինքնազոհ վրացական գործչի»,- ասել է նա, կրկին հնչեցնելով իր ռուս հետնորդի անունը:
Սահակաշվիլիի խոսքով, Վրաստանը բազմազգ ու բազմամշակույթ երկիր է, որտեղ բոլոր մարդիկ արժեք են: Նախագահը խոսել է նաեւ վրացերենի իմացության անհրաժեշտության մասին:
Հանդիպման ավարտին Սահակաշվիլին համակարգիչներ է նվիրել այն ուսանողներին, ովքեր լավ արդյունքներ են ունեցել «Միասնական ազգային քննությունների» ժամանակ:




























