Թուրքական հյուրընկալության հերթական զոհը դարձել է ղազախական մի ընտանիք: Պատմությունն սկսվել է նրանից, որ Դիանա եւ Ալմաս Կարչիեւները որոշել էին հանգստանալ Թուրքիայում: Ամուսնական զույգը դիմել է Janaat Travel տուր-գործակալություն, որտեղ նրանց խոստացել են 10-օրյա հանգիստ Քեմերի 5 աստղանի հյուրանոցում` ընդամենը 5 հազար դոլարով:
Ինչպես հաղորդում է Tourexpi.com-ը, ղազախական ընտանիքը տեղավորվել է Queen Elizabeth հյուրանոցում: Հենց ժամանելուն պես Tursal գործակալությունը (Janaat Travel-ի թուրքական ներկայացուցչությունը) գումար է պահանջել հանգստի համար: Տուրիստները ցույց են տվել ուղեգիրն ու դրա դիմաց կատարած մուծումները, բայց դրանք արդյունք չեն տվել: Tursal-ի ներկայացուցիչները շարունակել են պնդել, որ վճարում չի եղել: Ֆինանսական վեճը ցավալի ավարտ է ունեցել. ղազախական ընտանիքին երեք երեխաների հետ դուրս են արել հյուրանոցից եւ թողել, որ գիշերեն փողոցում:
«Նույնիսկ եթե մենք որոշեինք տուն վերադառնալ, դա չէինք կարող անել: Արձակուրդը վերածվեց մղձավանջի: Մեր երեխաները 1, 5 եւ 12 տարեկան են: Մենք չգիտենք ինչ անել»,- Ալմաս Կարչիեւի խոսքերն է մեջբերում «ՌԻԱ նովոստին»:
Հիշեցնենք, որ ավելի վաղ NEWS.am-ը ներկայացրել էր նմանատիպ մի պատմություն, որը տեղի էր ունեցել հայ զբոսաշրջիկների հետ:



























