Մալդիվյան հանրապետության փոխնախագահ Ահմեդ Ադիբը, որը ձերբակալվել է պետական դավաճանության կասկածով, ավելի վաղ ներքաշված է եղել տխրահռչակ   «Արթուր եղբայրների» հետ կապված սկանդալի մեջ:

Հոկտեմբերի 24-ին համաշխարհային լրատվամիջոցները հաղորդել են Ադիբի ձերբակալության մասին, որին կասկածում են երկրի նախագահ Աբդուլլա Յամինի նկատմամբ մահափորձի մեջ:   

Նշենք, որ եղբայրները Ադիբի հետ լուսանկարվել  էին 2013-ի ավտոմրցարշավի ժամանակ, երբ վերջինս զբոսաշրջության նախարարի պաշտոնն էր զբաղեցնում:  

Նմանատիպ  հրապարակումների հայտնվելուց հետո նախարարն անմիջապես հերքել է Արթուր Սարգսյանի եւ Արթուր Մարգարյանի հետ իր կապի վերաբերյալ լուրերը:  Պաշտոնյան հայտնել է, որ վերջիններս իրեն խնդրել են լուծել պարզեցված վիզաների հետ կապված խնդիրը եւ ինքը, զբոսաշրջության նախարար լինելով,  օգնել է նրանց:  Ադիբն ընդգծել է, որ ինքը եղբայրների հետ ծանոթացել է ավտոմրցարշավի ընթացքում եւ նրանց  քրեական գործունեության մասին տեղյակ չի եղել: 

Հիշեցնենք, որ «Արթուր եղբայրները» ներքաշված էին Քենիայում բռնկված թմրասկանդալի մեջ:  Սակայն զարմանալիորեն կարողացել էին մեկնել երկրից:   Հետագայում նրանք Մալդիվներում էին հայտնվել, որտեղ լուսանկարվել էին զբոսաշրջության նախարար Ահմեդ Ադիբի եւ պաշտպանության նախարար Մուհամեդ Նազիմի հետ:  Լուսանկարները մեծ իրարանցում են առաջացրել եւ նույնիսկ երկրի խորհրդարանում քննարկման առարկա են դարձել: Որոշ պատգամավորներ նշել են, որ եղբայրները վտանգ են ներկայացնում  Մալդիվների ազգային անվտանգության համար: