«Եթե հարցնեք` կարո՞ղ է ստեղծվել նոր կուսակցություն, կասեմ` այո, տեսականորեն դա հնարավոր է. կարող է նոր կուսակցություն ծնվել եւ դառնալ 78-րդը արդարադատության նախարարությունում գրանցված կուսակցությունների շարքում։ Բայց երբ ասում եք` նոր քաղաքական ուժ, որը կարող է էական ազդեցություն ունենալ ընտրությունների արդյունքների վրա, ես դրան շատ թերահավատորեն եմ վերաբերում։ Գոնե այսօրվա քաղաքական իրողությունների, հասարակական տրամադրությունների շրջանակներում այդպիսի քաղաքական ուժի ի հայտ գալը քիչ հավանական եմ համարում»,- «Հայոց աշխարհ»-ի հետ զրույցում ասել է ԱԺ փոխնախագահ Սամվել Նիկոյանը:
Նա նաեւ հավելել է. «Շատ ավելի դաժան պայքար է ընթանում ընդդիմության դաշտում, քան իշխանության մեջ. ով է առաջինը, ով է իսկական, ով` դրածո ընդդիմություն եւ այլն։ Ցավոք, դրա հիմնական չափորոշիչն այն է, թե ով ավելի շատ, ավելի խիստ եւ ավելի կեղտոտ ձեւով է հայհոյում, սեւացնում իշխանություններին։ Եթե չեն հայհոյում, քաղաքակիրթ, ցիվիլ ձեւով արտահայտում են իրենց տեսակետները` հակադրվելով իշխանություններին այս կամ այն հարցում, ընդդիմություն չեն` իշխանության կցորդ են, ական` ընդդիմության դաշտում։ Բայց դա իրենց խնդիրն է` թող մրցեն, իրար մեջ պարզեն` ով է ընդդիմադիրից ընդդիմադիր. Աստված իրենց հետ։ Այնուամենայնիվ, լավ կլիներ, որ իշխանություններին քննադատելիս մնային կոռեկտության սահմաններում, որովհետեւ այդ մրցակցության մեջ յուրաքանչյուրն իրեն մղում է մարգինալ դաշտ։ Եթե հասարակության մի չնչին մասը դա ողջունում է, ապա մեծամասնությունը չի ընդունում։ Եթե որեւէ քաղաքական ուժ կամ անհատ իր գործունեությունը կառուցում է հայհոյելու վրա, պետք է հասկանա, որ այլեւս անելիք չունի քաղաքական դաշտում»։




























