2010թ. օգոստոսի վերջին օրը Իրաքում ԱՄՆ ռազմական առաքելության պաշտոնական ավարտի օրն է: «Ազատություն Իրաքին» գործողությունը եզրափակիչ փուլ է մտել, եւ ամերիկյան բանակի վերջին զորամասերը լքել են երկիրը:
Սետեպմբերի 1-ից Իրաքում, որտեղ ամերիկացիները մնացին 7 տարուց ավելի, մնալու է մոտ 50 հազար զինծառայող: Նրանք շարունակելու են Իրաքյան անվտանգության ուժերի ուսուցանումը եւ ռազմական գործողությունների ժամանակ աջակցություն են ցուցաբերելու:
Սեպտեմբերի 1-ից փոխվելու է նաեւ գործողության պաշտոնական անվանումը՝ «Նոր արեւածագ»: Ամերիկյան ուժերի լիակատար դուրս բերումը նախատեսված է 2011թ. վերջին:
Այսօր իր հեռուստաուղերձում ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման չի ասելու «Առաքելությունն ավարտված է» արտահայտությունը: Այդ մասին հայտարարել է Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Ռոբերտ Գիբսը:
Միեւնույն ժամանակ Բաղդադ է ժամանել ԱՄՆ փոնախագահ Ջոզեֆ Բայդենը՝ մասնակցելու համար ղեկավարումը իրաքյան զորքերին հանձելու արարողությանը:




























