Օգոստոսի 18-25-ին Ռ.Հ. Յոլյանի անվան Հանրապետական Արյունաբանական Կենտրոնում «ԱրմենՏել» ընկերության աշխատակիցներն արյուն են հանձնել Հայաստանում լեյկեմիայով հիվանդ երեխաների բուժման համար:
«Լեյկեմիան սարսափելի ծանր հիվանդություն է: Առավել սարսափելի է, երբ լեյկեմիայով հիվանդանում են երեխաները: Սակայն այն մահավճիռ չէ: Մասնակցություն ունենալով արյան հանձմանը` մենք օգնում ենք հիվանդ երեխաներին եւ նրանց ընտանիքներին` նվիրելով հույս եւ մեր կյանքի մի մասնիկը», - նշել է «ԱրմենՏելի» Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:
Հանրապետական Արյունաբանական Կենտրոնի արյան ծառայության գծով փոխտնօրեն Մարինա Քամալյանը նշել է, որ Երեւանում «կարմիր արյան» բավարար քանակության ապահովման խնդիրը շատ սուր է դրված եւ որ ակցիայի շրջանակում ստացված արյան բոլոր բաղադրամասերն արդեն իսկ փոխանցվել են պետական պատվերի շրջանակում բժշկական օգնություն ստացող երեխաների համար:
Փոխտնօրենի խոսքով յուրաքանչյուր դոնորից առանց նրա առողջությանը որեւէ վնաս հասցնելու միառժամանակ կարելի է վերցնել 400 մլ արյուն: Յուրաքանչյուր անձ կարող է արյուն հանձնել տարին 1-2 անգամ: Երկրում արյան փոխներարկման պահանջարկը լիովին բավարարելու համար անհրաժեշտ է, որ բնակչության 2 տոկոսը կանոնավոր կերպով արյուն հանձնի: «Ներկայումս Հայաստանում կա շուրջ 15000 մշտական դոնոր, որոնցից միայն 7 տոկոսն է կամավոր արյուն հանձնում», - ասել է Մարինա Քամալյանը:



























