Facebook սոցիալական կայքում ընդլայնված որոնման գործառույթը, որը վերջերս է ներդրվել, տեղեկություններ է փնտրելու 2 տրիլիոն գրառումների շրջանում: Այս նոր գործառույթը ստիպել է, որ սոցցանցի օգտատերերը նորից մտահոգվեն տվյալների գաղտնիության մասին, հայտնում է The Guardian-ը:
Ավելի վաղ Facebook -ը թույլ էր տալիս որոնել միայն հանրային էջերում, խմբերում ու վայրերում, իսկ հիմա սոցցանցում ինդեքսավորվում են նաեւ անձնական էջերը: Այս կապակցությամբ օգտատերերից շատերին մտահոգում է, որ տարիների վաղեմություն ունեցող գրառումները կարող են հասանելի դառնալ լայն հասարակայնությանը: Նրանք կարծում են, որ չնայած գաղտնիության կարգավորումների փոփոխությանը՝ ավելի հին գրառումները, որոնք այլ կարգավորումներով էին արվել, կարող են հայտնվել համընդհանուր տեսանելիության դաշտում, հայտնում է Gazeta-ն:
Այդուհանդերձ, Թոմ Սթոքին՝ սոցցանցի թիմի փոխնախագահը, որը զբաղվում է որոնման գործառույթներով, շտապել է բացատրել նոր գործառույթի աշխատանքի ալգորիթմը: «Ձեր որոնման արդյունքներն անհատական են ու եզակի, դուք կարող եք տեսնել այն գրառումները, որոնք օգտատերերն են կիսել ձեզ հետ: Բացի դրանից, դուք ցանկացած պահի կարող եք կարգավորել «լսարանը» եւ նրա համար գրառումների հասանելիությունը»,- ասել է Սթոքին:





























