Հայաստանի միջազգային պահուստները հուլիսի վերջի դրությամբ կազմել են 1,8 մլրդ դոլար, NEWS.am-ին տեղեկացնում են ՀՀ Կենտրոնական բանկից։ Պահուստների 70 տոկոսը (1,28 մլրդ դոլար) պահվում է օտարերկրյա արժեթղթերի ձեւով։ Միջազգային պահուստներից միայն 501 մլն դոլարն է (27 տոկոս) պահվում որպես կանխիկ փող կամ ավանդ, որից էլ 132 մլն դոլարը գտնվում է արտասահմանյան առեւտրային բանկերում։ ՀՀ ԿԲ-ն, որպես կանոն, չի հրապարակում այն առեւտրային բանկերի անունները, որտեղ պահվում են ՀՀ պահուստայի գումարները։ Մինչ այժմ հայտնի չէ նաեւ արժեթղթերի պորտֆելի կառուցվածքը։
Միջազգային պահուստներից 44,6 մլն դոլար պահուստավորված է Արժույթի Միջազգային Հիմնադրամում, իսկ ոսկով արտահայտված պահուստները վաճառվել են դեռեւս 2003 թ.։
Նշենք, որ ՀՀ միջազգային պահուստները 2009 թ. սկզբի համեմատ (1,4 մլրդ դոլար) ավելացել են, սակայն մոտ 200 մլն դոլարով պակասել են այս տարվա սկզբի համեմատ, երբ մեր պահուստները օտարերկրյա վարկերի հաշվին հասել էին ռեկորդային բարձր մակարդակի՝ մոտ 2 մլրդ դոլար։




























