Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւը քննադատել է հայկական կողմին՝ մեղադրելով «թուլություն ցուցաբերելու» մեջ, որ երկարաձգել է Հայաստանում ռուսական ռազմակայանի գործողության ժամկետը:

Ադրբեջանցի պաշտոնյայի կարծիքով, Հայաստանի իշխանության ներկայացուցիչների բոլոր հայտարարությունները, թե Ռուսաստանը պատերազմի վերսկսման դեպքում կօգնի իրենց, կրում են «քաղաքական հոգեբանական բնույթ»:

Միաժամանակ Աբիեւը սկսել է գովերգել ռազմական այն օգնությունը, որի վերաբերյալ համաձայնագիրը կնքվել է Աբդուլլահ Գյուլի Բաքու կատարած այցի ընթացքում: Նա նաեւ խուսափողաբար է պատասխանել Գաբալայի ռադիոլոկացիոն կայանի վարձակալման երկարացման վերաբերյալ հարցին, նշելով, որ այդ մասին խոսելը դեռ վաղ է:

Նախօրեին ռազմակայանի վերաբերյալ կտրուկ հայտարարություններ էր արել նաեւ Ադրբեջանի խորհրդարանի փոխխոսնակ Բահար Մուրադովան՝ Ռուսաստանին մեղադրելով «օկուպանտ-երկրին զինելու մեջ»:

Ուշագրավ է, որ ադրբեջանցի պաշտոնյաները Ռուսաստանի դեմ քննադատության ալիք են բարձրացրել Դմիտրի մեդվեդեւի Բաքու կատարելիք այցի նախօրեին: