«Երկու ամիս էլ չկար, որ դարձել էի ԵՊՀ ռեկտոր, սկսեցին խոսել ինձ պաշտոնանակ անելու մասին. մինչ հիմա էլ մամուլում պարբերաբար շրջանառվում են հրաժարականիս մասին լուրերը, սակայն մի՜ հավատացեք բամբասանքներին»,-օգոստոսի 31-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը։

Նա ընդգծեց, որ պաշտոնավարելու է մինչեւ պաշտոնի ժամկետի ավարտը։ «Ես պետք է աշխատեմ մինչեւ ընտրովի պաշտոնիս վերջը, հետո ԵՊՀ խորհուրդը ռեկտորի պաշտոնում կընտրի այն մարդուն, ում ցանկանում է։ Թե ո՞վ կլինի այդ անձը, չեմ կարող ասել։ Սակայն հաստատ է մեկ բան. պետք չէ այս լուրերը բամբասանքի մակարդակով անընդհատ պտտեցնել։ Սերժ Սարգսյանի եղբայրը, ինչպես նաեւ համալսարանի ուզածդ դոկտոր-պրոֆեսոր, այդ թվում եւ ես, կարող ենք դնել մեր թեկնածությունը»,- նկատեց Արամ Սիմոնյանը՝ ավելացնելով, որ համալսարանում այս տեսակ լուրերն ընդհանրապես չեն քննարկվում։ «Համալսարանում այնքան խնդիրներ եւ գործեր կան, որ ռեկտորի ընտրության հարցը չի քննարկվում։ Դա այն թեման չէ, որ շահարկվի, ժամանակը կգա, ամեն ինչ պարզ կլինի»,-ամփոփեց ԵՊՀ ներկայիս ռեկտորը։

Նշենք, որ Արամ Սիմոնյանի հրաժարականի մասին լուրերը մամուլում պտտվում են բավական վաղուց։ Նշվում է, որ նրան փոխարինելու է Սերժ Սարգսյանի եղբայրը՝ Լեւոն Սարգսյանը: