Այս տարի Երեւանի պետական համալսարանը դժգոհելու տեղ չունի. ԵՊՀ է ընդունվել շուրջ 3006 դիմորդ։ Օգոստոսի 31-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտարարեց ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը։
Նրա խոսքով, ԵՊՀ-ն սեպտեմբերի 1-ն սկսում է գիտելիքների գնահատման նոր համակարգով եւ մեխանիզմներով, որոնք ուսանող-դասախոս հարաբերությունները զերծ են պահելու սուբյեկտիվ մոտեցումներից։ «Սա նաեւ կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետ միջոց է։ Ուսանողն ամբողջ ուսումնական տարվա ընթացքում որոշակի միավորներ հավաքելով՝ դասախոսին զրկում է իրեն ցածր գնահատական նշանակելու հնարավորությունից, որքան էլ մեծ լինի վերջինիս այդ ցանկությունը։ Բացի այդ, սեպտեմբերի 1-ից ԵՊՀ փորձնական փուլից անցնում է կրթության լիարժեք կրեդիտային համակարգի, եւ համալսարանում այսուհետ չեն լինելու ֆակուլտետներ, որտեղ ուսուցումը կազմակերպվելու է այլ կերպ, քան կրեդիտային համակարգն է։ Բուհի խորհուրդը նաեւ հատուկ ռազմավարական ծրագիր է մշակել, որը վերահսկողություն կսահմանի բուհական բոլոր գործընթացներում»,- նշեց ԵՊՀ ռեկտորը՝ ավելացնելով, որ համալսարանը սեպտեմբերի 1-ը դիմավորում է ուսանողների որոշակի աշխուժացմամբ, այն է՝ թատերական, պարի խմբակների, ինչպես նաեւ նվագախմբի ձեւավորմամբ։ «Մենք բարձր հիմքերի վրա ենք դնում մեր ուսանողների մշակութային դաստիրակությունը»,- ընգծեց Սիմոնյանը։
Անդրադառնալով համալսարանի կրթական համակարգում առկա խնդիրներին՝ Արամ Սիմոնյանն առանձնացրեց բնագիտական թեւի թուլացումը։ «Սա մեզ համար մեծ խնդիր է։ Տարեցտարի ավելի ու ավելի քիչ դիմորդներ ենք ունենում բնագիտական բաժիններում։ Բավական ծանր է քիմիայի, ֆիզիկայի , մեխանիկայի, կենսաբանության եւ երկրաբանության բաժիննների վիճակը։ Դրան հակառակ, մեծ է պայքարը իրավաբանական, միջազգային հարաբերությունների եւ տնտեսագիտության ֆակուլտետներում»,- տեղեկացրեց բուհի ռեկտորը՝ ընդգծելով, որ համալսարանի բնագիտական թեւի ուժեղացումը համալսարանի առաջնայնություններից է։
Ամփոփելով՝ Արամ Սիմոնյանը նշեց, որ առաջնահերթությունների թվում է նաեւ բուհական քննությունների հնարավորինս թափանցիկ կազմակերպումը։ «Օրինակ ասպիրանտական քննությունների ժամանակ մենք հնարավորություն ենք ընձեռում ներկա լինել նաեւ ուսանողների ծնողներին։ Համալսարանական ուզածդ քննությանը կարող են ներկա գտնվել նաեւ ուսանողական խորհրդի անդամները»։



























