«Կանանց իրավունքների կենտրոնը» (ԿԻԿ), որը զբաղվում է կանանց եւ նրանց երեխաների դեմ ընտանեկան բռնության կանխարգելման հիմնախնդրով, առաջարկել է ՀՀ ոստիկանության ակադեմիայի եւ ուսումնական կենտրոնի ուսումնական ծրագրում «Ընտանեկան բռնություն» առարկա ներառել: Ոստիկանությունը տվել է իր համաձայնությունը:
Այդ նպատակով ԿԻԿ-ին հնարավորություն է ընձեռվել Կենտրոնի ուժերով ՀՀ ոստիկանության ակադեմիայի եւ ՀՀ ոստիկանության համապատասխան մասնագետների համար կազմակերպել եւ անցկացնել ուսուցում ` հիմք ընդունելով Կենտրոնի կողմից մշակած եւ հրատարակած «Ընտանեկան բռնություն» ձեռնարկը, որտեղ ներկայացված են ընտանեկան բռնության ընդհանուր բնութագիրը, բնորոշ գծերը, առանձնահատկությունները, տեսակները, պատճառները եւ հետեւանքները, դրա կանխարգելման մեթոդները, ինչպես նաեւ պարզաբանվում է ոստիկանության դերը եւ միջամտությունը նմանատիպ իրավիճակներում:
Ձեռնարկն օգտակար է նաեւ իրավաբանական բուհերի եւ ֆակուլտետների ուսանողների, դասախոսների, ինչպես նաեւ կանանց նկատմամբ բռնության խնդիրներով զբաղվող կառավարական եւ ոչ կառավարական կառույցների եւ մասնագետների համար:
Նշենք, որ ԿԻԿ-ն իր գործունեության ընթացքում մշտապես համագործակցում է ՀՀ ոստիկանության հետ ինչպես Երեւանում, այնպես էլ մյուս մարզերում :



























