Հայաստանի ռամկավար ազատական կուսակցությունը (ՀՌԱԿ) շարունակում է բարձրաձայնել «Նաիրիտ» գործարանի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների մասին՝ լուրջ մեղադրանքներ ներկայացնելով Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի դեմ: Ստորեւ ներկայացնում ենք ՀՌԱԿ-ի տնտեսական հանձնաժմբի վերջին ուսումնասիրության եզրակացությունը:

«ՀՌԱԿ տնտեսական հանձնախումբը պարզեց, որ, փաստորեն, իրականություն դարձան մեր բոլոր կանխատեսումները գործարանի անգրագետ կառավարման շուրջ եւ 2006 թվականից մինչ օրս, «Նաիրիտ»-ի ապաշնորհ ղեկավարության աշխատաոճի եւ կառավարության` ի դեմս Էներգետիկայի նախարարության «շահութաբեր աչքակապության» արդյունքում գործարանը հասցվեց սննկացման եզրին` կուտակելով շուրջ 300 մլն դոլար պարտք, որից 200 մլն-ը` Հայաստանից դուրս գտնվող կազմակերպություններին: Իսկ վարկային գումարները հիմնականում մսխվեցին կաուչուկի արտադրությունը բուտադիենի հումքի անցնելու «ծրագրի»  անվան  տակ: Սա է պատճառը, որ  համաշխարհային ճանաչում ունեցող ֆինանսական կազմակերպությունները հրաժարվում են ներդրումներ կատարել ու համագործակցել հեքիաթասաց  ՀՀ վարչապետի եւ «Նաիրիտ» գործարանի «ղեկավարության»  հետ, քանի որ ակնառու է, որ վերջիններս չեն տիրապետում իրական տեխնիկա-տեխնոլոգիական ներկայիս վիճակին, հակառակ պարագայում բազմաթիվ անգամ չէին ստի` «մեկամսյա ժամկետում» բուտադիենի հումքի վրա կաուչուկի արտադրության թողարկման մասին հայտարարություններ անելով եւ չէին ընկնի ողորմելի վիճակի մեջ:

Փաստորեն, «Նաիրիտ» գործարանի 10 տոկոսի սեփականատեր հանդիսացող  ՀՀ կառավարության կանխամտածված թողտվությամբ, Հայաստանը համաշխարհային մենաշնորհային արտադրության կորստի շեմին է, որի արդյունքում կփակվեն հազարավոր աշխատատեղեր  ու արտադրական տեխնոլոգիաներ թե' գործարանում, թե' նրանից  դուրս:

ՀՌԱԿ տնտեսական հանձնախումբը փաստելով «Նաիրիտի» ներկայիս ողբալի վիճակը, մշակել է գործարանի առողջացմանն ուղղված քայլերի առաջնահերթությունների փաթեթ, որն էլ պատրաստ է ներկայացնել պատկան մարմիններին, բայց ոչ գանձագողերին»:

ՀՌԱԿ-ի տնտեսական հանձնախումբը նշում է, որ ունի փաստեր, որոնք վերաբերում են վարչապետի եղբոր՝ «Նաիրիտ» գործարանի փաստացի սեփականատեր Վահան Մելքոնյանի 90-ական թվականներին Պետմատում աշխատած տարիներին: