Իրանի Իսլամական Հանրապետությունում գոյություն ունի մոտ 100 000 հայկական մշակութային կոթող, որոնց իրանցիները վերաբերվում են նույն ուշադրությամբ եւ գուրգուրանքով, ինչպես իրանական մշակութային ժառանգությանը: Այս մասին այսօր` հոկտեմբերի 28-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է Հայաստանում Իրանի դեսպանատան մշակույթի կենտրոնի տնօրեն Մաջիդ Մեշքին` հավելելով, որ իրենք չեն կարող չհարգել հայերի մշակութային ժառանգությունը, քանի որ հայերը մեծ ներդրում են ունեցել իրենց երկրի զարգացման գործում:

«Իրանի Իսլամական Հանրապետության համար նշանակություն չունի` հայկական, թե իրանական մշակութային արժեքներն են: Հայկական մշակութային ժառանգության նկատմամբ նույն վերաբեմունքը, գուրգուրանքը եւ  ուշադրությունը կա, ինչպես իրանական մշակութային ժառանգության նկատմամբ է: Մենք ուզում ենք ցույց տալ հայերի ծառայությունը այն երկրին, որտեղ դարեր շարունակ ապրել եւ ներդրում են ունեցել դրա զարգացման գործում»,-ասաց Մաջիդ Մեշքին:

«Հայկական ճարտարապետությունը ուսումնասիրող հիմնադրամ»,-ի տնօրեն, հուշարձանագետ Սամվել Կարապետյանը նշեց, որ 2009-2012թթ. Իրան կատարած գիտարշավի ընթացքում հավաքագրվել են հայկական մշակութային ժառանգության նմուշներ, որոնցից 50 օրինակ` լուսանկարների տեսքով, կցուցադրվի վաղը` հոկտեմբերի 29-ին, Հ. Թումանյանի տուն-թանգարանում:

«Հայ ճարտարապետությունը Իրանում» խորագրով ցուցահանդեսը, որի նախաձեռնողն է Հայաստանում Իրանի դեսպանատան մշակույթի կենտրոնը, կտեւի 1 ամիս: Կցուցադրվեն Իրանում հայկական եկեղեցիների, դպրոցների, գերեզմանոցների, կամուրջների, բերդերի եւ տների լուսանկարներ` մեծադիր պանելների վրա:

Սամվել Կարապետյանը նշեց, որ Իրանի վերաբերմունքը հայկական հուշարձանների նկատմամբ օրինակելի է հարեւան մյուս երկրների համեմատությամբ: