Motorola-ն ազդարարել է Droid Turbo 2 սմարթֆոնի մասին, որը արտադրողի խոսքով առաջին չջարդվող էկրանով հեռախոսն է: Այդ մասին հաղորդում է ընկերության պաշտոնական կայքը:
Սարքի էկրանը զինված է ShatterShield տեխնոլոգիայով: Այն կազմված է հինգ շերտից, որոնք 5,4 դյույմանոց դիսփլեյը պաշտպանում են ընկնելու դեպքում ճաքելուց: Երբ առաջին շերտը վնասվածք է ստանում եւ դադարում է գործել, դրան փոխարինում է մյուսը: Արտադրողը էկրանի համար առնվազն չորս տարվա կյանք է նախատեսում:
Venture Beat պարբերականի լրագրողները, որոնք փորձարկել են նորույթը, հաստատել են դիսփլեյի ամրությունը: Երեսուն անգամ ընկնելուց հետո սմարթֆոնի էկրանը չի ջարդվել, սակայն ծայրերին փոքրիկ քերծվածքներ եւ ճաքեր են նկատվել, տեղեկացնում է Lenta-ն:
Droid Turbo 2-ը զինված է Qualcomm-ի Snapdragon 810 քառամիջուկ պրոցեսորով, որի տակտային հաճախությունը 2 գիգահերց է: Հիմնական տեսախցիկը 21 մեգապիքսելանոց մատրիցա է ստացել, իսկ դիմայինը՝ հինգ մեգապիքսելանոց: Motorola-ն նաեւ հայտնում է, որ 15 րոպեի ընթացքում սմարթֆոնը կարելի է լիցքավորել 13 ժամ աշխատելու համար: Ինչպես հայտնել է ղեկավարը, մարտկոցի հզորությունը հերիքում է 48 ժամվա համար:
ԱՄՆ-ում սմարթֆոնը վաճառքի կհանվի հոկտեմբերի 29-ին՝ 624 դոլարով:





























