Հայաստանում չափազանց արմատական են արձագանքել այն տեղեկությանը, թե Ռուսաստանը պատրաստվում է C-300 «Ֆավորիտ» զենիթահրթիռային երկու համալիր վաճառել Ադրբեջանին: Լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք է հայտնել քաղաքագետ Երվանդ Բոզոյանը: Նրա խոսքով, աշխարհում նման կարգի գործարքները հազվադեպ չեն, եւ չի կարելի է դա «Ռուսաստանի կողմից Հայաստանին դավաճանություն անվանել»:

«ԱՄՆ-ն, օրինակ, զենք է վաճառում Իսրայելին, բայց միաժամանակ արաբական աշխարհը, որը խնդիրներ ունի նույն Իսրայելի հետ, զենք է գնում Միացյալ Նահանգներից»,- նկատել է Բոզոյանը:

Ասուլիսի մյուս բանախոսը՝ ԱՊՀ երկրների ինստիտուտի հայկական մասնաճյուղի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովն անդրադարձել է վերջերս Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ ստորագրված համաձայնագրին՝ ռուսական ռազմակայաննների վերաբերյալ: «Եթե նկատեցիք, Ադրբեջանում ոչ ոք չի ասում, թե՝ Թուրքիան կգա եւ կօգնի մեզ, մինչդեռ Հայաստանում բոլորը մտածում են, թե Ռուսաստանը կօգնի պատերազմի դեպքում»,- ասել է նա:

«Հայ հասարակության մեջ բարդույթ է ձեւավորվել: Մենք կարծում ենք, թե Ռուսաստանը կգա եւ կօգնի, որ հաղթենք Ադրբեջանին, սակայն նման մտածողությունը սխալ է»,- ասել է Բոզոյանը եւ հավելել, որ Ռուսաստանը պահպանում է մեր սահմանները Թուրքիայի հետ, ինչը բավարար է, որ մենք լուծենք մեր խնդիրները Ադրբեջանի հետ: