Հայաստանը տարածաշրջանում միակ երկիրն է, որի հետ Իրանը երբեւէ  որեւէ խնդիր չի ունեցել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության մշակույթի կենտրոնի տնօրեն Մաջիդ Մեշքին:

«Երեւի սխալ չի լինի ասել, որ Հայաստանը Իրանի համար միակ երկիրն է, որի հետ  անխափան հարեւանություն է անում այս տարիների ընթացքում: Հայաստանը միակ երկիրն է, որի հետ ոչ մի խնդիր չկա, ամեն ինչ հարթ է այս երկու երկրների միջեւ: Իրանի եւ Հայաստանի հարաբերությունները օրինակելի կարող են լինել մյուս երկրների համար»,-նշեց Մեշքին:

Հայաստանում Իրանի դեսպանատան մշակույթի կենտրոնի տնօրենի խոսքով` հայ-իրանական հարաբերությունները բարձր մակարդակի վրա են եւ ամեն ինչ արվում է դրանք ավելի սերտացնելու ուղղությամբ:

«Մշակութային արժեքների եւ միմյանց նկատմամբ փոխադարձ հարգանքը, բարիդրացիական հարաբերությունները  այս երկու պետությունների, ժողովուրդների,  կառավարությունների ու պետայրերի միջեւ ապացուցում են, որ երկու երկրների հարաբերությունները շատ բարձր մակարդակի վրա են: Ուրախալի է, որ շատ հարցեր արդեն լուծվել են, ինչը  հնարավորություն է տալիս ավելի սերտացնել հայ-իրանական հարաբերությունները»,-ասաց նա:

Մաջիդ Մեշքին նշեց, որ հայ-իրանական հարաբերությունները սերտ են հատկապես մշակույթի ոլորտում, որտեղ մի շարք հետաքրքրիր ծրագրեր են նախատեսվում:

«Ամենահետաքրքիր ծրագիրը «Տասը անուն գիրք» անունն է կրում: Այն երկու երկրների մշակույթի նախարարությունների համագործակցության արդյունքում է ձեւավորվել: Հայ ժամանակակից գրողների ստեղծագործությունները թարգմանվում են  պարսկերեն, եւ շուտով դրանք հրատարակվելու են: Գրականության ոլորտում վերջին տարիներին համագործակցությունը շատ է սերտացել»,-ասաց մշակույթի կենտրոնի տնօրենը` ավելացնելով, որ երկու երկրները շուտով համատեղ գեղարվեստական ֆիլմ կնկարահանեն:

Մաջիդ Մեշքին հայտնեց, որ Իրանում շատ է սիրվել երկրորդ աշխարհամարտի մասին բազմասերիանոց ֆիլմը, որում նկարահանվել են հայտնի հայ դերասաններ:

Շուտով Երեւանում գտնվող Կապույտ մզկիթը, ըստ Մեշքիի, կհամալրի ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության ցանկը: 

«Դա անելու է Հայաստանի Մշակույթի նախարարությունը: Հայստանը ներկայացնում է իսլամական ժառանգություն ի պատասխան Իրանի այն քայլի, որով վերջինը ՅՈՒՆԵՍԿՕ է ներկայացրել քրիստոնեական եւ հայկական մշակութային ժառանգությունը»,-ասաց նա:

Մեշքին ընդգծեց, որ հայ-իրանական մշակութային սերտ հարաբերությունների մասին է վկայում «Հայ ճարտարապետությունը Իրանում» մեկամսյա ցուցադրությունը: Ցուցահանդեսում հոկտեմբերի 29-ից կներկայացվեն Իրանում 50 հայկական մշակութային կոթողներ: