Ադրբեջանի կողմից առաջարկված բանաձեւի ընդունումը  ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի կողմից ղարաբաղյան բանակցային գործընթացի վրա որեւէ ազդեցություն ունենալ չի կարող: Այս մասին օգոստոսի 31-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մինասյանը: Նա հավելեց, որ նմանատիպ բանաձեւեր ՄԱԿ-ում Ադրբեջանն առաջին անգամ չէ, որ առաջ է քաշում, եւ այդ բանաձեւերն ունեն զուտ քարոզչական նշանակություն:

«Ակնհայտ է, որ Ադրբեջանի այս քայլը դատապարտված է ոչ միայն անհաջողության, այլեւ լուրջ պրոբլեմներ կարող է ստեղծել Ադրբեջանի համար: Որովհետեւ իր ցնորամիտ երազանքների իրականացման համար հավանություն չգտնելով միջազգային հեղինակավոր կառույցների շրջանակներում, ինքն անդրադարձ է կատարում իր հավատակից «Իսլամական Կոնֆերանսի» երկրներին եւ ՄԱԿ-ի ամբիոնում  նրանց միջոցով փորձում է ընդունել որոշում եւ այն պարտադրելի դարձնել ԼՂ խնդրի կարգավորման բնագավառում»,-ասաց նա: Մինասյանը հավելեց նաեւ, որ Ադրբեջանի այդ պահվածքը  անտրամաբանական է ոչ միայն Հայաստանի, այլ նաեւ Ռուսաստանի եւ ԼՂ խնդրի կարգավորմամբ զբաղվող մյուս երկրների համար:

Բացի այդ, ՀՀԿ-ական պատգամավորի խոսքով, Ադրբեջանը նմանատիպ բանաձեւերով փորձում է ցույց տալ իր հասարակությանը, թե, այնուամենայնիվ, ինչ-որ քայեր արվում են ԼՂ խնդիրը իրենց քիմքին հաճո ուղղությամբ լուծելու ուղղությամբ: Ըստ Մինասյանի՝ նշված բանաձեւի ընդունումը ոչ միայն չի կարող ազդեցություն ունենալ բանակցային գործընթացի վրա, այլ նաեւ կարող է դժվարացնել ադրբեջանական կողմի քայլերը բանակցային գործընթացում:  

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 14-ին Նյու Յորքում մեկնարկում է Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբելայի 65-րդ նստաշրջանը, որի ընթացքում քննարկվելու է «Իրավիճակը Ադրբեջանի օկուպացված տարածքներում» բանաձեւի նախագիծը: