Հայաստանյան ընդդիմությունն իրեն սպառել է: Նման միանշանակ կարծիք են հայտնել համատեղ ասուլիսում քաղաքագետներ Երվանդ Բոզոյանն եւ Ալեքսանդր Մարկարովը:

«Ընդդիմությունը պետք է վերաիմաստավորի իրեն: Արհեստական դիրքորոշումները, արհեստական հայտարարությունները, ընդդիմություն հանուն ընդդիմանալու, այդ ամենը պետք է մնա անցյալում»,- կարծում է  Մարկարովը:

Բոզոյանը լրացրել է գործընկերոջն՝ ասելով, թե ընդդիմությունը «վառվել է»: «Դասական տարբերակն այսպիսին է, կա իշխանություն, կա ընդդիմություն, որն առաջարկում է  իշխանությանն այլընտրանքային քաղաքականություն: Սակայն ընդդիմությունը պնդում էր, թե ունի ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանալի, կարող է ավելի արագ լուծել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցը: Իշխանությունն օգտագործել է այդ միջոցները, որ առաջարկում էր ընդդիմությունը, եւ արդյունքում պարզվել է, որ այդ խնդիրներից եւ ոչ մեկը հնարավոր չէ արագ լուծել»,- ընդգծել է փորձագետը: Ինչ վերաբերում է իշխանություններին, Մարկարովի կարծիքով, իշխանությունները լիովին պատրաստ են կատարել այն խոստումները, որ տվել են ընտրություններից առաջ: