Հայկական երկու պետությունների անվտանգության հիմնական երաշխավորը եղել է, կա եւ կմնա հայ զինվորը: Նման տեսակետ հայտնեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մինասյանը՝ օգոստոսի 31-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ: Նա նաեւ հավելեց, որ ցանկացած երկիր նպատակ ունի էլ ավելի մեծ  երաշխիքներ ապահովել իր անվտանգության  համար, ինչի դրսեւորումներից մեկն էլ հայ-ռուսական նոր համաձայնագրի ստորագրումն է:

«Հայ-ռուսական նոր համաձայնագրի ստորագրումն ուղղակի նվազեցնում է պատերազմի վերսկսման հնարավորությունը Հարավային Կովկասում եւ բարձրացնում է անվտանգության մակարդակը ողջ Հարավային Կովկասում եւ որ շատ կարեւոր է՝ զրկում է Ադրբեջանին իր վերջին խաղաթղթից: Այն է, որ եթե բանակցությունները չընթանան ադրբեջանական ցնորամիտ պատկերացումների համար նախընտրելի հունով, ապա ինքը կդիմի պատերազմի»,-նշեց Մինասյանը: Նրա խոսքով՝ Ադրբեջանի կողմից  պատերազմի սանձազերծման բացառումը բխում է թե՜ Հայաստանի, թե՜ ԼՂ-ի եւ թե՜ տարածաշրջանի շահերից: