Իրանի դեմ գործող պատժամիջոցների չեղարկումից հետո մենք կքննարկենք Իրանի հետ հնարավոր  տնտեսական հարաբերություններ զարգացնելու պլանները, որոնցում կարող է ներգրավված լինել  նաեւ Հայաստանը։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Գերմանիայի ԱԳՆ Արեւելյան Եվրոպայի, Հարավային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի հարցերով հատուկ հանձնակատար  Անդրեաս Պեշկեն, որը տարածաշրջանային այցով ժամանել է Հայաստան։ Մինչ այդ նա հանդիպումներ էր անցկացրել Բաքվում եւ Թբիլիսիում։

«Երբ Իրանի դեմ պատժամիջոցները չեղարկվեն, մենք կտեսնեք, թե ինչ հնարավորություններ կան Իրանի հետ տնտեսական հարաբերությունները զարգացնելու համար։ Ես կարծում եմ, որ այդ պլաններում կարող է ներգրավված լինել նաեւ Հայաստանը, քանի որ Իրանը Հայաստանի համար շատ կարեւոր տնտեսական գործընկեր է։ Մենք միշտ էլ ուրախ ենք Հայաստանի հետ տնտեսական հարաբերություններ կառուցել»,- ասել է պաշտոնյան։