Աբովյանի ծննդատանը հոկտեմբերի 26-ին լույս աշխարհ եկած Միլենան՝ 42-ամյա Համեստ Սադոյանի 9-րդ զավակը, արդեն առաջին նվերն է ստացել եղբորից: 16-ամյա Ահարոնն անձամբ քրոջ համար վերնաշապիկ ու տոտիկներ է ընտրել, քույրերի ու եղբայրների հետ տանը պատրաստություն տեսել, մինչեւ հայրն ու մայրը հիվանդանոցից տուն են բերել նորածին քրոջը:
«Բոլորի համար տոն էր, բոլորը՝ հիվանդանոցի անձնակազմը, մեր բարեկամները, ծանոթները, սպասում էին երեխայի ծնվելուն: Հիվանդանոցում բոլորը մեզ հետ ուրախացել էին, տուն եկանք, նշեցինք բոլորի հետ»,- NEWS.am-ին պատմում է երեխայի հայրը՝ Նորայր Ղեւոնդյանը:
Միլենային տանն առանձնահատուկ են վերաբերվում: Եղբայրներն ու քույրերը, որ անձամբ են որոշել քրոջ անունը, նրա օրորոցի մոտից չեն հեռանում: 7-ամյա Հակոբը ընտրել է իր ամենասիրելի խաղալիքը ու խնամքով պահում է, որ հենց քույրը մեծանա, նվիրի նրան: Աննան ու Սառան էլ արդեն որոշել են, թե ինչ հերթականությամբ են քրոջը խնամելու, հենց նա մի փոքր էլ մեծանա:
Տանը տիրող հաճելի խառնաշփոթը կրկնապատկել է Ղեւոնդյան ամուսինների ուրախությունը: 47-ամյա Նորայր Ղեւոնդյանը ասում է՝ ամեն երեխայի ծնվելու հետո իրենց ուրախությունն ավելի մեծ է լինում:
«Երբ ծնվեց առաջին երեխաս՝ Դավիթը, մեծ ուրախություն էր ինձ համար, առաջին անգամ հայր էի դառնում: Ու ամեն երեխայի ծնվելու հետո այդ ուրախությունը կրկնապատկվում է: 9-րդ երեխայի ժամանակ արդեն ավելի անհամբեր էի սպասում, ամբողջ ժամանակ իրենց կողքից չէի հեռանում, մինչեւ երեխան ծնվեց»,- նշում է նա:
Համեստ Սադոյանն էլ ասում է՝ ամեն երեխայի ծնվելիս իր մոտ այն զգացողությունն է, կարծես առաջնեկ է ունենում։
«Անհամբեր սպասում եմ, տեսնեմ՝ ինչ տեսք ունի ինքը, ում է նման: Մայրական բերկրանքը ոչնչի հետ համեմատելի չէ: Այդ բերկրանքը զգալն ամեն անգամ ուժ է տալիս, որ առողջ երեխա լույս աշխարհ բերես»,- ասում է նա:
Ղեւոնդյանները, որ ապրում են ամսական աշխատավարձով, բոլոր ամուսիններին խորհուրդ են տալիս չխուսափել շատ զավակներ ունենալուց:
«Ամեն անգամ, երբ աշխատանքից տուն եմ վերադառնում, միայն այն բանից, որ երեխաները վազում են դեպի ինձ, իրենց աղմուկից անգամ հոգնածությունս անցնում է»,- ասում է ընտանիքի հայրը:
9 զավակ լույս աշխարհ բերած տիկին Համեստը ափսոսանքով նշում է, որ առողջական վիճակը թույլ չի տա էլի զավակներ ունենալ, այլապես ոչ մի վայրկյան չէր երկմտի:











