Այս տարվա՝ 2010 թվականի անցած 7 ամիսներին Հայաստանում գրանցված տնտեսական աճը գոհացնում է ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանին: Նրան հատկապես լավատեսություն են ներշնչում արդյունաբերության ոլորտի ցուցանիշները: «Արդյունաբերության ոլորտն անցած 7 ամիսներին 11.4 տոկոսանոց աճ է արձանագրել: Սա նշանակում է, որ մեր տնտեսության լոկոմոտիվը արդյունաբերությունն է»,-ասաց Մինասյանը, այսօր՝ օգոստոսի 31-ին, հրավիրված ասուլիսում: Արդյունաբերության ոլորտում արձանագրված աճի տեմպերը պատգամավորին հիմք են տալիս ենթադրելու, որ Հայաստանի տնտեսության կառուցվածքում փոփոխություններ են կատարվել:
Գագիկ Մինասյանն անդրադարձավ նաեւ անցած 7 ամիսների ընթացքում արտահանման եւ ներմուծման ծավալներին, նշելով, որ արտահանման աճը երկու անգամ գերազանցել են ներմուծման աճին: «Այս ցուցանիշը նույնպես լավատեսություն է ներշնչում»,-ասաց տնտեսագետը: Նա նաեւ անդրադարձավ պետբյուջեի եկամուտներին, ընդգծելով, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ անցած 7 ամիսների ընթացքում պետբյուջեի եկամուտներն ավելացել են շուրջ 22 տոկոսով: Նախաճգնաժամանային համարվող 2008 թվականի ցուցանիշների համեմատ՝ այս տարի պետբյուջեի եկամուտներն ավելացել են 10 մլրդ դրամով:
Գագիկ Մինասյանը, սակայն, մտահոգիչ է համարում գնաճի բարձր ցուցանիշը: Այն այս տարվա 7 ամիսներին կազմել է 7.4 տոկոս: Այս ցուցանիշը, ըստ նրա, թեեւ մտահոգիչ է, սակայն ունի լուծման հեռանկար: «Մեր իշխանություններն ունեն բավականին լուրջ լծակներ՝ թույլ չտալու, որպեսզի գնաճն իր բնական վիճակից դուրս գա: Եվ տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը, եւ Կենտրոնական բանկը այնպես կանեն, որ գնաճը մնա կանխատեսելի ցուցանիշի շրջանակներում»,- հույս հայտնեց Մինասյանը:Նա միաժամանակ հավելեց, որ մինչեւ տարեվերջ, այս տարվա համար նախատեսված 1,2 տոկոս տնտեսական աճի փոխարեն կարձանագրենք մի քանի անգամ ավելի աճ:



























