Վայոց Ձորի մարզի Ելփին համայնքի ավագանին գյուղապետին արգելել է «ԱՐԳԱՄԻԿ» ընկերության հետ համայնքի տարածքում երկրաբանահետախուզական աշխատանքներ անցկացնելու վերաբերյալ համաձայնագիր ստորագրել: Այդ մասին տեղեկացնում է «Էկոլուր» հ/կ-ն։ Օգոստոսի 28-ին ավագանու որոշումը հրապարակվեց գյուղի ընդհանուր հավաքում, որին նաեւ մասնակցեցին «ԱՐԳԱՄԻԿ» ընկերության ղեկավարությունը եւ երկրաբանները, մարզպետարանի ներկայացուցիչները։  

Կոնֆլիկտն սկսվել է մոտ մեկ ամիս առաջ, երբ Ելփինի բնակիչները հայտնաբերեցին, որ իրենց տարածք ծանր տեխնիկա է մտել: Ի պատասխան փաստաթուղթ ներկայացնելու պահանջին` «ԱՐԳԱՄԻԿ» ընկերության ներկայացուցիչները ցույց են տվել 05.09.2008թ. թիվ 03Ա 081319 արտոնագիրը` ստորագրված ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի կողմից: Արտոնագրում նշված է ընկերության գրանցման տեղն ու անվանումը`«ԱՐԳԱՄԻԿ», գյուղ Մխչյան, Արարատի մարզ, եւ թույլատրված աշխատանքների տեսակը` հետախուզական աշխատանքներ եւ Ելփին գյուղում պղնձամոլիբդենային երեւակումների քարտեզագրում:

Հավաքին բնակիչների ելույթները կտրուկ էին. «Ընկերությունն ապօրինաբար է գործում…, եթե եկել եք հետախուզելու, ապա  նշանակում է, որ կշահագործեք, ձեզ արդեն ամեն ինչ հայտնի է, բայց մենք համաձայն չենք,… դա նշանակում է գյուղի վերջը, մենք այստեղից չենք գնա, … դուք գնացեք»:

Ամենամեծ առարկությունը կապված է նրա հետ, որ նախկինում գյուղում անցկացվել են ուրանի որոնման աշխատանքներ, եւ բնակիչները  վախենում են, որ հորատումները կարող են դիպչել կողքին գտնվող ուրանային երեւակումներին:

Հաջորդ առարկությունը կապված է գյուղում օգտագործվող ջրի հետ: 60-70-ական թվականներին գյուղի տարածքում աշխատող երկրաբաններն ապրում էին տեղի բնակիչների տներում, եւ տարեցների խոսքերով` նրանք զգուշացրել են մի աղբյուրի ջրի օգտագործման վտանգավորության մասին: Թե ինչով է ջուրը վտանգավոր, ոչ ոք չգիտի, քանի որ այս տարիների ընթացում ոչ ոք չի զբաղվել հնարավոր ռիսկերի հարցերով: Ամեն դեպքում, բնակիչները լսել են  խորհուրդը եւ օգտվում են ուրիշ աղբյուրից, որը հանքավայրի շահագործման դեպքում կփակվի, եւ բնակիչները կզրկվեն ջրից:    

Տարածքում, որտեղ բերվել է տեխնիկան, գտնվում են պատմական հուշարձաններ, խաչքարեր, գերեզմաններ: Այնտեղ է գտնվում գաճաճ կեչիների յուրահատուկ պուրակը, բնակվում են Կարմիր գրքում գրանցված կենդանիներ եւ աճում Կարմիր գրքի բույսեր: Սա նաեւ որսավայր է:

Ավագանու խորհուրդը ՀՀ կառավարությանը դիմում է պատրաստում ներկայացնելու` այդ տարածքին հատուկ պահպանվող տարածքի կարգավիճակ տալու համար:

Ավագանու խորհրդի որոշման մեջ թվարկված բլոր առարկություններն ունեն նաեւ իրավաբանական  հիմնավորում: Այսպես` արտոնագրի օգտագործողի իրավունքների սահմանափակման մեջ մասնավորապես նշված է, որ աշխատանքները չեն կարող անցկացվել առանց գրավոր համաձայնության, եթե տարածքը տեր ունի:  Տվյալ դեպքում տերը Ելփին համայնքն է: