Ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբերին Հայաստանի 1000 խոշորագույն հարկատուների մասին տեղեկատվությունում ուշադրություն է գրավում կարեւոր մի մանրուք: Երկրի հեռահաղորդակցության ոլորտի երեք խոշորագույն ընկերությունները միասին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, 10.2 մլրդ դրամով պակաս հարկ են վճարել:

Ընդ որում, հակառեկորդ է սահմանել «Ղ-Տելեկոմ»-ը՝ ավելի քան 8.4 մլրդ դրամի հարկային վճարումների անկմամբ: Երկրորդ տեղում «ԱրմենՏել»-ն է՝ 1.1 մլրդ դրամով պակաս հարկով: «Orange Armenia» ընկերության (ներկայում հայրենական «Ucom»-ի սեփականությունը) արդյունքն ավելի համեստ է՝ 0.8 մլրդ դրամով պակաս հարկ:

Հարկերի դինամիկայից դատելով՝ բնակչությունը սկսել է ավելի քիչ օգտվել բջջային կապից: Հունվար-հունիսի տվյալներով, բջջային կապից ընթացիկ եկամուտը Հայաստանում տարեկան կտրվածքով կրճատվել է 3.9 մլրդ դրամով (կամ 7.8%-ով), իսկ ֆիքսված հեռախոսակապից եկամուտը՝ 1.4 մլրդ դրամով (12.7%-ով): Այս բացասական տեղաշարժերն ամենեւին էլ պատահական չեն, եւ հարկ է ենթադրել, որ ընթացիկ տարվա հուլիս-սեպտեմբերին շարունակվել են:

Հիշեցնենք, որ նույնկերպ կրճատվել են նաեւ ընթացիկ գներում մանրածախ ապրանքաշրջանառության ծավալները, ինչը վկայում է ընդհանուր առմամբ բնակչության եկամուտների կրճատման մասին: Պատճառը հայտնի է. Ռուսաստանից ֆիզիկական անձանց դրամական փոխանցումները զգալիորեն նվազել են: