Այսօր՝ օգոստոսի 31-ին ողջ աշխարհում նշվում է Բլոգի միջազգային օրը։ Առաջին անգամ դրան միացել են նաեւ հայաստանյան բլոգերները։ Նրանք, օրվա խորհրդին համահունչ, անգամ փոքրիկ կայք են պատրաստել՝  www.blogday.am:

Կայքի հեղինակ, բլոգեր Վարդան Պապիկյանը NEWS.am- Ինովացիայի թղթակցի հետ զրույցում ասաց, որ Հայաստանում առաջին անգամ է նմանատիպ ուշադրություն դարձվում այս օրվան, իսկ հայաստանյան բլոգերները բլոգի օրը նշելու են հենց բլոգերում։

«Բլոգի միջազգային օրը բլոգերները յուրահատուկ կերպով են նշում։ Այսօր յուրաքանչյուր բլոգեր ցանկալի է, որ հայտնաբերի իրեն դեռ անծանոթ 5 նոր բլոգներ եւ գրառում կատարի իր բլոգում նոր հայտնաբերած բլոգների մասին»,- ասաց Պապիկյանը՝ հավելելով, որ սա  բլոգի օրը նշելու ընդունված տարբերակ է ողջ աշխարհում, ինչը հնարավորություն է տալիս աշխուժություն  եւ հետաքրքրություններ բերել բլոգոսֆերա:

Տեղեկացնենք, որ Բլոգի միջազգային օրն սկսել են նշել 2005 թվականից։ Օրն ընտրվել է՝ հաշվի առնելով «31.08»-ի նմանությունը BLOG բառին։