Օգոստոսի 31-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը հերթական դիտարկումn է անցկացրել Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի` ԼՂՀ Մարտունու շրջանի Կուրոպատկինո բնակավայրից դեպի հարավ-արեւելք:
ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկման առաքելությունը գլխավորել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպշիկը: Դիտարկման խմբում ընդգրկվել են նրա դաշտային օգնականներ Անթալ Հերդիչը (Հունգարիա) եւ Քրիստո Քրիստովը (Բուլղարիա):
Հակառակ կողմից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գրասենյակի համակարգող փոխգնդապետ Իմրե Պալատինուսը (Հունգարիա) եւ անձնական ներկայացուցչի դաշտային օգնական Ժասլան Նուրտազինը (Ղազախստան):
Դիտարկումն անցել է ըստ սահմանված գրաֆիկի: Դիտարկման ժամանակ կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել:
Դիտարկման առաքելությանը ղարաբաղյան կողմից ուղեկցում էին ԼՂՀ արտաքին գործերի նախարարության եւ ԼՂՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչները:




























