Ռուսաստանում անօրինական ձեռնարկատիրության մեջ մեղադրվող Թելման Մխիթարյանի նկատմամբ կիրառվել է էքստրադիցիոն կալանք: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի գլխավոր դատախազության հանրային կապերի վարչության պետ Շահեն Տոնոյանը:

Մխիթարյանի նկատմամբ էքստրադիցիոն կալանքը կիրառվել է «Քաղաքացիական, ընտանեկան եւ քրեական գործերով իրավական օգնության եւ իրավահարաբերությունների մասին» 1993 թվականին ընդունված Մինսկի կոնվենցիայի դրույթների համաձայն: «Էքստրադիցիոն կալանքը ենթադրում է իրավական որոշակի երկարատեւ գործընթաց: Եւ եթե լինեն ինչ-որ նորություններ՝ լրացուցիչ կհայտնենք այդ մասին»,-ասաց Տոնոյանը: Նշենք, որ Թելման Մխիթարյանը ներկայումս Հայաստանում է եւ պահվում է կալանավորների ժամանակավոր պահման մեկուսարանում:

Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ Թելման Մխիթարյանը ձերբակալվել էր օգոստոսի 25-ին Երեւանի  Մաշտոցի պողոտայում:

Մխիթարյանը համարվում է Նովգորոդի քրեական աշխարհի լիդերներից մեկը: Ռուսական լրատվամիջոցների համաձայն,  Մխիթարյանը «Ապակեթելերի Նովգորոդի գործարանի», «Պրոյեկտստրոյ» ընկերության եւ մի շարք այլ ընկերությունների ու կազմակերպությունների ղեկավարն է եղել: Հետխորհրդային շրջանում նա վերահսկում էր այդ տարածաշրջանի տնտեսության զգալի մասը: