Սեպտեմբերի 8-11-ը Լեհաստանի Կրինիցա քաղաքում տեղի կունենա Եվրոպայի Տնտեսական Ֆորումը, որը հոբելյանական է: 20-րդ անգամ Կրինիցայում կհավաքվեն Եվրամիության անդամ երկրների, ԱՄՆ-ի բարձրագույն իշխանությունների, խոշորագույն ֆիրմաների ղեկավարները` քննարկելու Եվրոպային հուզող քաղաքական եւ տնտեսական խնդիրները: Այս ֆորումի կենտրոնական նստաշրջաններից մեկը, որին տրվել է «կլոր սեղանի» հատուկ կարգավիճակ, ղեկավարում է Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի (ԵՀՄՖ) նախագահ Աշոտ Գրիգորյանը: Նստաշրջանին, որի անվանումն է`«Հարավային Կովկաս- ինչպես կազմակերպել էֆեկտիվ տարածաշրջանային քաղաքականություն», մասնակցում են Եվրամիության (Պիտեր Սեմնեբի, Տոմաշ Պոռեբա), Ռուսաստանի (Պետ Դումա` Վլադիմիր Կոլեսնիկով), Սլովակիայի (Ֆրանտիշեկ Միկլոշկո) ինչպես նաեւ Իրանի, Ադրբեջանի, Վրաստանի եւ Հայաստանի խորհրդարանի ներկայացուցիչներ:
Հարավային Կովկասի երկրների անվտանգությանը նվիրված առաջին նստաշրջանը այս ֆորումում կայացել է 2009թ-ին: Ինչպես անցյալ, այնպես էլ այս տարվա Հարավային Կովկասի շուրջ նստաշրջանների կարեւոր նորությունը այն է, որ այս տարածաշրջանի անվտանգության խնդիրներին մասնակից է դառնում ոչ թե Թուրքիան, այլ` Իրանը: Հաշվի առնելով մեր տարածաշրջանում ընթացող բուռն գործընթացները, սպասվում է մասնակից երկրների ներկայացուցիչների բարձր լարվածությամբ ընթացող ելույթներ եւ լարված բանավեճեր: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ԵՀՄՖ մամուլի քարտուղարությունից:




























