Հերթական տեղեկատվությունն է ստացվել, որը հաստատում է Ռուսաստանի կողմից Ադրբեջանին С-300 համակարգեր վաճառելու մասին: Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրության համաձայն այդ երկրի զինվորականները առաջիկա տարիներին պետք է վերապատրաստվեն Թուրքիայի ու Ռուսաստանի համապատասխան հաստատություններում, ինչը նախատեսված է արդեն իսկ ձեռք բերված երկկողմ պայմանավորվածությունների շրջանակում: Խոսքը վերաբերում է մասնավորապես Օդային-տիեզերական պաշտպանության զինվորական ակադեմիայում, Միխայլովյան զինվորական հրետանային ակադեմիայում եւ Օմսկի տանկային ինժեներական ինստիտուտում ադրբեջանցի զինվորականների վերապատրաստմանը:
Ադրբեջանի իշխանություններին մոտ կանգնած լրատվամիջոցները, այդ թվում 1news.az-ը, անմիջապես ուշադրություն են դարձրել այն հանգամանքի վրա, որ Օդային-տիեզերական պաշտպանության զինվորական ակադեմիան պատրաստում է մասնագետներ՝ զենիթա-հրթիռային համակարգեր, այլ թվում եւ C-300 «Ֆավորիտ» համակարգը գործարկելու նպատակով: Հենց այդպիսի համակարգեր է Ռուսաստանը վաճառելու Ադրբեջանին:



























