Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնության իրականացման հարցով Թեհրանի ներկայացուցիչների եւ միջազգային միջնորդ «վեցնյակի» բանակցությունները կառուցողական են եղել։ Այս մասին հայտնել է Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը, փոխանցում է IRNA գործակալությունը։
«Մենք «վեցնյակի» եւ հատկապես ամերիկյան կողմի հետ բանակցություններ ենք տարել մյուս կողմի պարտավորությունների կատարումը արագացնելու հարցով։ Մենք ուզում ենք վստահ լինել, որ այդ պարտավորությունները կիրականացվեն գործողությունների համապարփակ համատեղ պլանի տարբեր ոլորտներում»,- ասել է նա։
Զարիֆի խոսքով՝ կողմերը հանգամանորեն քննարկել են Իրանի Արաղ քաղաքի ռեակտորի վերակառուցման հարցը, եւ այդ ոլորտում առաջընթաց է գրանցվել։
«Մենք խոսել ենք ԱՄՆ կողմից ձեռնարկվող միջոցների մասին, որոնք անհրաժեշտ են Իրանի հետ առեւտուրը չարգելափակելու համար երաշխիքներ տալու նպատակով։ Մենք այդ ոլորտում համաձայնության ենք հասել եւ պայմանավորվել ենք ավելի շատ աշխատել այդ ուղղությամբ»,- ասել է Զարիֆը։
Հիշեցնենք, որ Իրանի եւ «վեցնյակի» բանակցությունները կայացել են հոկտեմբերի 29-30-ը Վիեննայում։





























