Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն իր նստավայրում այսօր՝ օգոստոսի 31-ին հյուրընկալել է Հայաստանյան դպրոցների 2009-2010 ուսումնական տարվա մեդալակիրներին, միջազգային առարկայական օլիմպիադաներում պարգեւների արժանացած դպրոցականներին եւ մաթեմատիկայի «Կենգուրու» մրցույթի հաղթողներին, ովքեր իրենց հետաքրքրող հարցերի շուրջ զրուցել են Սերժ Սարգսյանի հետ:
Աշակերտներից մեկը հարցրել է ՀՀ նախագահին, թե որո՞նք են եղել նրա սիրած առարկաները դպրոցում կամ համալսարանում: Սերժ Սարգսյանն ասել է, որ դպրոցում սիրել է պատմություն առարկան, սակայն բուհական կրթության ժամանակ գերադասել է հայոց լեզուն եւ գրականությունը:
Դպրոցականներին հետաքրքրել է նաեւ, թե նախագահն ազատ ժամերին ի՞նչ գրքեր է ընթերցում եւ ի՞նչ երաժշտություն է գերադասում լսել: Սերժ Սարգսյանն ասել է, որ հաճախ է վերընթերցում անցյալում կարդացած գրքերը, քանի որ մեծ գրողների գործերը տարբեր տարիքում յուրովի են ընկալվում: «Հասցնում եմ նաեւ ծանոթանալ ժամանակակից որոշ ստեղծագործողների աշխատանքներին, ընթերցում եմ աշխարհում մեծ հետաքրքրություն առաջացրած գործեր, ինչն ուղղակի անհրաժեշտություն է: Շատ եմ սիրում մեր` ազգային երաժշտությունը: Պարբերաբար լսում եմ մեծանուն Առնո Բաբաջանյանի ստեղծագործությունները, ընդհանրապես, մեր դասական երաժշտությունը, նաեւ` Ռոբերտ Ամիրխանյանի ստեղծագործությունները»,- ասել է նախագահը:
Հարցին, թե արդոք, Սերժ Սարգսյանն ունի՞ դեռեւս չիրականացված որեւէ երազանք, որը հայրենիքի մասին չէ, նա պատասխանել է, որ նախագահն էլ սովորական մարդ է եւ շատ պարզ երազանքներ ունի. «Բայց դժվարանում եմ ասել, թե այդ ի՞նչ երազանք է, որ հայրենիքի հետ կապված չէ եւ չի կատարվել»:



























