Ադրբեջանի ԱԳՆ-ն անուղղակիորեն հաստատել է, որ ձգձգում է Բաքվում Վրաստանի նոր դեսպանի՝ Իրակլի Քավթարաձեի նշանակման հարցում համաձայնություն (ագրեման) տալ: Ըստ ադրբեջանական 1news.az-ի, Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էլհան Փոլուխովը հայտարարել է, որ «այդ հարցով համապատասխան ընթացակարգեր են իրականացվում»:
Ավելի վաղ վրացական լրատվամիջոցները տեղեկացրել են, որ Ադրբեջանում Վրաստանի նոր դեսպան Իրակլի Աքթարաձեն արդեն 7 ամիս է, չի կարողանում «ագրեման» ստանալ:
Վրացի քաղաքագետ Մամուկա Արեշիձեն vesti.az-ին տված հարցազրույցում լույս է սփռել նման ձգձգման պատճառների վրա: Ադրբեջանցիների մոտ կասկածներ են ծագել, որ Քավթարաձեն ազգությամբ հայ է: «Որքան ինձ հայտնի է, ադրբեջանական կողմը որոշակի անհարմարություն է զգում Քավթարաձեի թեկնածության հետ կապված: Դա, իհարկե, կուլուարային տարբերակ է: Քավթարաձեն Վրաստանի դեսպանի թեկնածուի իսկական ազգանունը չէ: Նա ազգությամբ օս է, սակայն, ադրբեջանական կողմը կասկածներ ունի, որ Քավթարաձեն ոչ թե օսական, այլ հայկական արմատներ ունի: Հենց այդ պատճառով էլ խնդիր է առաջացել»,- ասել է Արեշիձեն:
Հատկանշական է, որ Վրաստանի նախագահ Սահակաշվիլին վերջերս խոսել էր Ադրբեջանի հետ կոնֆեդերացիա ստեղծելու հնարավորության մասին, այն դեպքում, երբ այս երկու երկրները ոչ միայն կոնֆեդերացիա, այլ նաեւ նորմալ հարաբերություններ չեն կարողանում ստեղծել եւ 7 ամիս դեսպանի նշանակաման հարց չեն կարողանում լուծել:




























