Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ օգոստոսի 31-ին աշակերտների ու ուսանողների հետ հանդիպման ժամանակ նշել է այն երեք գլխավոր պայմանները, որոնք պետք է ունենա յուրաքանչյուր նախագահ՝ Սահմանադրությամբ նախատեսվածից բացի: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ, իր կարծիքով, ցանկացած նախագահ պետք է շատ դրական հատկանիշներով օժտված լինի, ունենա շատ սկզբունքներ. «Կարծում եմ` նախագահն առաջին հերթին պետք է սիրի իր երկիրը, իր ժողովրդին: Սա` մի հանգամանք:

Երկրորդ հանգամանքն այն է, որ յուրաքանչյուր նախագահի համար, ոչ թե հայտարարությունների տեսքով, այլ իրականում, իր երկրի, իր ժողովրդի շահը պետք է բարձր լինի ամեն ինչից, բացարձակապես` ամեն ինչից: Երրորդ` կարծում եմ, որ յուրաքանչյուր նախագահ մեր նման երկրներում, միգուցե նաեւ շատ այլ տեղերում, պետք է աշխատի գիշեր-ցերեկ»,- ասել է երկրի ղեկավարը: